Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները կարևորել են տարածաշրջանում խաղաղության ապահովումը
2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության, տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության դրական դինամիկայի, ինչպես նաև տարածաշրջանի ընթացիկ գործընթացներին առնչվող հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Երկու երկրի կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում անցկացվող ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 3-րդ խորհրդաժողովի շրջանակներում։
Ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության՝ բանակցություններում հատուկ ուշադրություն է նվիրվել տարածաշրջանային մասշտաբով համատեղ նախագծերին։ Վարչապետները քննարկել են նաև տարածաշրջանի ընթացիկ գործընթացները և ընդգծել խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։
Վրաստանի կառավարության ղեկավարը կրկին հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում երկարատև խաղաղությանը երկխոսության և դիվանագիտության միջոցով։
ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 3-րդ խորհրդաժողովը տեղի է ունենում օգոստոսի 5-ից մինչև 8-ը Թուրքմենստանի Ավազա առողջարանային քաղաքում: Միջոցառմանը մասնակցում են պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, միջազգային կազմակերպությունների և գործարար հատվածի ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին ներկա է նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Խորհրդաժողովի հիմնական թեման է գործընկերության խորացումը կայուն զարգացման, տրանսպորտային կապի բարելավման, թվային փոխակերպման, կլիմայի կայունության և համաշխարհային տնտեսության մեջ այդ երկրների ինտեգրման նպատակով: