Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սևան համայնքի Ծաղկունք գյուղ
2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Սևան ստարտափ սամիթ 2025»-ին ներկա գտնվելուց հետո այցելել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղի բուժկետ՝ այստեղ հայ-ֆրանսիական համագործակցությամբ իրականացված հիմնանորոգման ու վերազինման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Ծաղկունքի բուժկետը վերջերս է վերանորոգվել Ֆրանսիայի Հանրապետության Իզերի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզերի, ինչպես նաև Գրենոբլ և Սևան քաղաքների միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում՝ ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից։ Ծրագիրն ընթացել է երկու փուլով, ինչի արդյունքում այստեղ իրականացվել են վերանորոգման, ներքին հարդարման, ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ։ Բուժկետը համալրվել է առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկական միջոցներով, իսկ Սևանի բժշկական կենտրոնի կողմից տրամադրվել է անհրաժեշտ գույք:
Այս ծրագրի իրականացման արդյունքում բնակիչների համար առաջնային բուժօգնությունը դարձել է առավել հասանելի, միջավայրը՝ հարմարավետ:
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում գրել է. «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բուժկետ, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»։
🇫🇷🇦🇲 Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 25, 2025
➡️ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով… pic.twitter.com/RADraK9S1H