8 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
Հայկ Աջապահյանի «90-ականների Երևանը» առաջին տեղում է։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ տեղափոխվես 90-ականների Երևան, տեսնես, թե ինչպիսին էին քո ծնողները, երբ քո տարիքին էին, նրանց հետ բակում գնդակ խաղաս և նույնիսկ նույն դպրոցը հաճախես։ Անին և Դավիթը Մարս մոլորակից վերադառնալիս հայտնվում են 1991 թվականի Հայաստանում։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Անցյալի ու ներկայի խաչմերուկում նրանք հանդիպում են մի առեղծվածային չար մարդու, որը նույնպես գիտի կախարդական սենյակի մասին և կարողանում է ճամփորդել ժամանակի միջով։ Բայց ինչո՞ւ է նա այնտեղ։ Ի՞նչ է նա փնտրում։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես երբեմն պետք է հետ գնալ, որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ով ես դու, ինչու ես այստեղ, և ինչն է կյանքում ամենակարևորը։
Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» երկրորդ տեղում է։ Ստանալով ծնողների աջակցությունը՝ Անին և Դավիթը ցանկանում են շարունակել իրենց ճամփորդությունները դեպի անցյալ՝ տեսնելու պատմական իրադարձությունները: Բայց մոգությունը մոգություն չէր լինի, եթե չլինեին անակնկալներ: Այս անգամ երեխաները կհայտնվեն ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև՝ ուրիշ մոլորակում․․
Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը» երրորդ տեղում է։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը, Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։
Շուշանիկ Գրիգորյանի «Դեմբոն ու Ջեմմին» չորրորդ հորիզոնականում է։ Այս հեքիաթը ծնվեց տարիներ առաջ, երբ հեղինակը փորձում էր քնեցնել մի հրաշք բալիկի: Նա ամեն անգամ պահանջում էր պատմել զեբրի և կոկորդիլոսի մասին: Ամեն անգամ պատմելիս մենք միասին էինք հեքիաթը գունավորում նոր իրադարձություններով: Հետո այս հեքիաթը լսեցին նաև այլ փոքրիկ հրաշքներ ու շատ սիրեցին: Հեքիաթում ալարկոտ և եսասեր Դեմբո զեբրը հանդիպում է երազկոտ ու լավատես Ջեմմի կոկորդիլոսին։ Ջեմմին իր բարության և նվիրվածության շնորհիվ կարողանում է արթնացնել անտարբեր Դեմբոյի իրականում բարի սիրտը, և նրանք դառնում են անբաժան ընկերներ:
Ջ.Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը» հինգերորդ տեղում է։ Վոլդեմորի դեմ մղվող պատերազմում կախարդ հանրությունը հաջողության չի հասնում: Հերմայոնին «Դեյլի փրոֆիթից» սոսկալի լուրեր է կարդում: Դամբլդորը պարբերաբար երկար ժամանակով բացակայում է Հոգվորթսից, և չնայած այս ամենին` կյանքը շարունակվում է: Վեցերորդ դասարանցիները սովորում են երևութանալ: Դասերը գնալով բարդանում են: Հարրի Փոթերն անսպասելի օգնություն է ստանում «Կիսարյուն արքայազն» անունով մի խորհրդավոր անձնավորությունից:
Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն վեցերորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...
Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» յոթերորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:
Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:
Ութերորդ հորիզոնականում է Կառլո Կոլլոդի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
Գրիգի «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» իններորդ տեղում է։ Շփումներ, հանդիպումներ, դավադրություններ, հետապնդվողներ ու հետապնդողներ, առեղծվածներ ու բացահայտումներ, հիացում և նախանձ, հանցանք և պատիժ, մի խոսքով՝ մարդկային հարաբերություններն իրենց ամբողջ բազմազանությամբ, բայց... կատուների քաղաքում: «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» պատանեկան դետեկտիվը առաջին իսկ տողերից կկլանի իր սրընթաց գործողություններով և միաժամանակ թեթևություն կպարգևի՝ անկրկնելի հումորով:
Արփի Մաղաքյանի «Տիգրան Մեծի հեքիաթը» տասներորդ տեղում է։ Այս գրավիչ հեքիաթը պատմում է Տիգրան Մեծ թագավորի պատկերով հնագույն մետաղադրամի մասին, որն անսպասելի ճանապարհորդության է մեկնում Մեծ Հայքով մեկ։ Հեղինակը գունեղ և կենդանի կերպով նկարագրում է դրամի թափառումները` ընթերցողին տեղափոխելով դեպի հեռավոր ժամանակներ ու վայրեր։
Հեքիաթը ոչ միայն ծանոթացնում է ընթերցողին Տիգրան Մեծի ու հզոր Մեծ Հայքի պատմությանը, այլև ցույց է անցյալի ու ներկայի կապը, ինչպես նաև հայկական ինքնության և պատմության ժառանգը լինելու կարևորությունը։ Միաժամանակ, այն խորհրդածելու առիթ է տալիս ճակատագրի, մարդկանց ու իրերի մինչև եղած անտեսանելի կապի մասին։ Հեքիաթի վերջում դրամը վերադառնում է Հայաստան։ Այս ավարտը խորհրդանշում է տունդարձի գաղափարը։ Նաև հաստատում է այն ճշմարտությունը, որ հզոր Մեծ Հայքի և հաղթական Տիգրան Մեծի Տունը Հայաստանն է։
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | նոր | Հայկ Աջապահյան, «90-ականների Երևանը» | Դավինչի | 338 | |
| 2 | 0 | Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» | Դավինչի | 176 | |
| 3 | +1 | Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը» | Դավինչի | 168 | |
| 4 | +3 | Շուշանիկ Գրիգորյան, «Դեմբոն ու Ջեմմին» | Զանգակ | 146 | |
| 5 | նոր | Ջ.Ք. Ռոուլինգ, «Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը» | Զանգակ | 138 | |
| 6 | -3 | Գրիմ Եղբայրներ, «Հեքիաթներ» | Բուկինիստ | 130 | |
| 7 | * | Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» | Բուկինիստ | 102 | |
| 8 | * | Կառլո Կոլլոդի, «Պինոկիո» | Բուկինիստ | 92 | |
| 9 | * | Գրիգ, «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» | Անտարես | 90 | |
| 10 | * | Արփի Մաղաքյան, «Տիգրան Մեծի հեքիաթը» | հեղ․ հրատ․ | 73 |