Միացյալ Նահանգներ

Սիրիայում բախումների հետևանքով 356  մարդ է զոհվել. բանակը սկսել է դուրս գալ աս-Սուեյդայից

3 րոպեի ընթերցում

Սիրիայում բախումների հետևանքով 356  մարդ է զոհվել. բանակը սկսել է դուրս գալ աս-Սուեյդայից

Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում հուլիսի 13-ի առավոտյան բախումների սկսվելուց ի վեր զոհվել է 356 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալները։

Ըստ կազմակերպության՝ զոհվել է 79 դրուզ զինյալ, 55 քաղաքացիական անձ, կառավարական ուժերի 189 զինվորական և 18 ցեղային զինյալ։ Բացի այդ, Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է կառավարական ուժերի ևս 15 զինվորական։

Ըստ Սիրիայի Պաշտպանության նախարարության՝ սիրիական բանակը հուլիսի 16-ի երեկոյան սկսել է դուրս գալ դրուզներով բնակեցված աս-Սուեյդա քաղաքից՝ բռնություններից տուժած քաղաքում կրակի դադարեցման նոր համաձայնության հայտարարումից մի քանի ժամ անց։

«Զորքերը լքում են աս-Սուեյդան՝ քաղաքն անօրինական խմբավորումներից մաքրելուց հետո, և ոստիկանական ուժերը վերահսկողություն կհաստատեն այնտեղ», - նշված է ՊՆ հայտարարության մեջ։

Դրուզների հոգևոր առաջնորդը ողջունել է ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ համաձայնությունը։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 16-ին հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել Սիրիայի հարավում մարտական գործողությունների կարգավորման ուղղությամբ։

«Մենք ներգրավել ենք Սիրիայում բախումներում ներգրավված բոլոր կողմերին։ Մենք համաձայնության ենք եկել կոնկրետ քայլերի շուրջ, որոնք այսօր գիշեր վերջ կդնեն այս անհանգստացնող և սարսափելի իրավիճակին։ Սա կպահանջի, որ բոլոր կողմերը կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, և մենք հենց դա ենք լիովին ակնկալում նրանցից», - նշել է նա X-ում գրառման մեջ։

Ավելի վաղ աս-Սուեյդա քաղաքում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումներ էին տեղի ունեցել։ Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել էին աս-Սուեյդա՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ՝ անվտանգությունը պահպանելու և կայունությունը վերականգնելու համար։ Իսրայելը թիրախավորել էր Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքը, ինչպես նաև ավիահարվածներ էր հասցրել աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների՝ պահանջելով դադարեցնել դրուզների դեմ գործողությունները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում