Տնտեսություն

ՍԱԶԲ-ի կառավարիչների խորհրդի 27-րդ տարեկան նիստի շրջանակներում Հայաստանում անցկացվեց գործարար համաժողով

8 րոպեի ընթերցում

«Հայաստան․ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով բիզնես ֆորում Երևանում
«Հայաստան․ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով բիզնես ֆորում Երևանում

Երևանում հուլիսի 10-ին անցկացվեց գործարար համաժողով, որը կազմակերպվել էր Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) կառավարիչների խորհրդի 27-րդ տարեկան նիստի կապակցությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան. տարածաշրջանային հաջողությունների արագացում» խորագրով ներկայացուցչական այս միջոցառումն անցկացվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո։

Ֆորումին մասնակցում են զարգացման ֆինանսավորմամբ զբաղվող կառավարիչ մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ ողջ սևծովյան տարածաշրջանից: Նրանք քննարկելու են, թե միջազգային համագործակցությունը ինչպես կարող է նպաստել փոքր տնտեսությունների կայուն աճին և դիմադրողականությանը։ Անցկացվելու են ՍԱԶԲ ղեկավարների, միջազգային գործընկերների և տարածաշրջանային շահագրգիռ կողմերի մասնակցությամբ պանելային քննարկումներ՝ նվիրված տարածաշրջանում ռազմավարական գործընկերության և ներդրումների հնարավորություններին։ Տարածաշրջանային զարգացման և տնտեսական փոխակերպման համատեքստում անդրադարձ կկատարվի նաև նորարարական ֆինանսավորմանը: 

Ողջունելով ներկաներին՝ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Տնտեսական հեռանկարներ» հիմնադրամի կենտրոնի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, մասնավորապես, նշեց. 

«Մեր նպատակն է ուժեղացնել գործընկերությունը, որն ընկած է մեր տարածաշրջանի զարգացման հիմքում: 26 տարի շարունակ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը սատարել է կայուն զարգացմանը, տարածաշրջանային համագործակցությանը և տնտեսական դիմակայունությանը: Այսօրվա ֆորումը շարունակում է այդ առաքելությունը՝ միավորելով քաղաքականություն մշակողներին, բիզնես առաջնորդներին և զարգացման գործընկերներին՝ հետազոտելու գործնական լուծումները համատեղ մարտահրավերներին արձագանքելու համար: Որպես հիմնադիր անդամ՝ Հայաստանը շարունակում է հանձնառությունը խորացնելու տարբեր ազդեցությունները և ավելի ուժեղ, հզոր ու համադրելի սևծովյան տարածաշրջան ձևավորելու առաքելությունը: Սա միտված է ավելի լավ ներդրումային միջավայր ստեղծելու և գործընկերություն ձևավորելու նպատակին»:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին արձանագրեց, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը Հայաստանում գործունեություն ծավալած այլ ֆինանսական կառույցների հետ միասին իր առանձնահատուկ ներդրումն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացման գործում: 

«Ինչպես հայտնի է, բանկը առևտրային ֆինանսավորման բավականին մեծ սպեկտրի ծառայություններ է մատուցում՝ միջոցներ տրամադրելով հայկական ընկերություններին՝ նրանց մրցունակությունը, շուկայում մասնակցությունը մեծացնելու և ամրապնդելու նպատակով: Մյուս կողմից՝ բանկը նաև տրամադրում է վարկեր բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին, որոնք հիմնականում ֆինանսավորում և աջակցում են փոքր և միջին բիզնեսին: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը բանկի հետ կամրապնդվի և կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական հատվածի զարգացմանը և ֆինանսների հասանելիության բարելավմանն ուղղված ՀՀ կենտրոնական բանկի ռազմավարական ծրագրերի իրականացմանը»,- ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ տարածաշրջանում փոխգործակցությունը խորացնելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնանալ ենթակառուցվածքային նախագծերի գործարկման և համագործակցության ուղղությամբ:

Նա ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է ռազմավարական դիրք ունեցող այս տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որի կարևոր նախապայմաններից են տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը: Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը կարևորեց Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու գործընթացը: Նա գտնում է, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը կարող են համախմբող և ինտեգրող լուրջ գործոն հանդիսանալ Հարավային Կովկասի երկրների միջև:

«Միայն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ, բոլոր կողմերի կենսական շահերի համադրմամբ պատմական հնարավորություն կունենանք ստեղծելու համագործակցության, փոխկապակցվածության և բարգավաճման համար անհրաժեշտ նախադրյալներ: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ մենք մեկնարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնությունը, որը միտված է վերականգնելու համագործակցությունը տարածաշրջանում և ենթակառուցվածքներն ապաշրջափակելու միջոցով ակտիվացնելու տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը բոլոր երկրների միջև»,- նշեց Վահագն Խաչատուրյանը:

ՀՀ նախագահի ելույթին հաջորդեց տեսանյութի ցուցադրություն, որում ներկայացված են Հայաստանի բիզնես գրավչությունը, տնտեսական ձեռքբերումներն ու ներդրումային ներուժը, ինչպես նաև մեր երկրում Սևծովյան առևտրի և զարգացման բանկի իրականացրած ներդրումները, ընդգծվում է այս բանկի տևական հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետության շարունակական և կայուն զարգացմանը: Տեսանյութում նշվում է, որ ՍԱԶԲ-ն ներկայացված է Հայաստանի տնտեսության կենսական նշանակության բոլոր ոլորտներում:  

Այնուհետև ներկաներին դիմեց Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Սերհաթ Կյոքսալը՝ նշելով.

«Տարածաշրջանի հաջողությունը կայանում է համագործակցության և սիներգիաների մեջ, և բանկը դա կարևորում է նաև այս միջոցառման շրջանակներում: Այստեղ ներկա են տարբեր առաջնորդներ, ղեկավարներ, որոնք հանձնառու են համատեղ բարգավաճման գործընթացին: Այս ֆորումը կոչվում է «Հայաստան. տարածաշրջանային հաջողությունների արագացում»: Այսինքն՝ զարգացող տնտեսությունները կարող են ծաղկել, եթե իրականացնեն խելացի ռազմավարություններ և համագործակցություն: Տարածաշրջանային համագործակցությունը միայն աշխարհագրության մասին չէ, այն տարածաշրջանի համագործակցության և գործընկերությունների մասին է: Ռազմավարական ֆինանսավորման և անդրսահմանային ներդրումների միջոցով մենք բացահայտում ենք մեր հարևանների հնարավորությունները, աջակցում ենք փոխակերպիչ զարգացմանը և ձևավորում ենք դիմակայունություն: Որպես տարածաշրջանային բանկ՝ այստեղ ուսումնասիրում ենք, թե մեր գործիքակազմերն ինչպես կարող են նպաստել Հայաստանի աճի և զարգացման առաջնահերթություններին՝ միաժամանակ օգնելով հասնել տարածաշրջանային շղթաներում ինտեգրմանը: Միևնույն ժամանակ, քաղաքականություն մշակողներին հրավիրել ենք կիսվելու իրենց մոտեցումներով և հայկական կողմին ներկայացնելու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ իրենց առնչության փորձի մասին և ներկայացնելու քաղված դասերը: Այստեղ են մեր բանկիրները՝ հանդիպելու հետաքրքրված բիզնեսմենների հետ, բացահայտելու բիզնես գաղափարները և ներդրումային հնարավորությունները: Համոզված եմ, որ այսօրվա քննարկումները ոչ միայն նոր գաղափարների զարկ կտան, այլ նաև կնպաստեն Հայաստանի դերը զարգացնելուն և կայացնելուն՝ որպես տարածաշրջանային հաջողություն ապահովող կողմ»: 

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է՝ վերազգային կարգավիճակով և սևծովյան տարածաշրջանի անդամ պետությունների տնտեսական աճը ու տարածաշրջանային համագործակցությունը խթանելու մանդատով։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում