«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանը ես եմ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2025

9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» գիրքն առաջին տեղում է։ Գիրքը Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի շարունակությունն է, որտեղ բոլոր հարցերը, անգամ չտրվածները, ստանում են իրենց պատասխանները, իսկ պատմությունը՝ իր անհավանական հանգուցալուծումը։ Վերջին դժբախտությունն Էսթերի մեջ սպանում է երբեմնի կենսուրախ աղջկան. երիտասարդ նկարչուհին ամիսներով փակվում է իր սենյակում՝ ինքն իրեն անջատելով արտաքին աշխարհից: Բայց արտերկրից ժամանած ընկերուհին խոստանում է փրկել իրավիճակը և առաջարկում մի քանի օրով մեկնել Լոռի՝ գեղատեսիլ գյուղերից մեկում հանգստանալու։ Եվ ահա երկու ընկերուհիներ մեծ խմբի հետ միասին անցնում են գյուղից 13 կիլոմետր այն կողմ գտնվող թունելը՝ չգիտակցելով, որ մուտքն այդ հրեշավոր գետնուղով տանում է դեպի աներևակայելի սարսափներով լի նոր իրականություն:

Երկրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը երրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...

Չորրորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության...«Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թ. Կ. Պոլսում՝ հայերեն տառերով, թուրքերեն լեզվով, և ուղիղ հարյուր տարի մնացել էր անհայտության մեջ:

Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպը հինգերորդ տեղում է։ «Խոդեդան» վեպը, որ ընդգրկում է շուրջ վաթսունամյա մի ժամանակաշրջան՝ 1890-1950-ական թվականները, պատմությունն է բռնաշենցի հովիվ Ասատուրի (քրդերեն՝ Խոդեդան) և նրա բախտակից համերկրացիների։ Արևմտահայ այս շինականներին վիճակված էր անցնելու արյունով և արհավիրքներով լի մի ճանապարհ, որն ավարտվում է Արևելյան Հայաստանում։ Նրանք վերջնական հանգրվան են գտնում Արագածի լանջերին՝ դարավոր թշնամուն թողնելով իրենց պապերի երկիրը, «ուր հազարամյա պատմություն ունի ամեն մի քար, ծառ, ծաղիկ», ու վիրավոր սրտերում անթեղելով այդ երկրի կորստյան կսկիծը. «Ա՜խ, երկիր. շաքար էր՝ շան բերան մնաց»:

Վեցերորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը...Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ...

Սյունե Սևադայի «Արիության մետաղ»-ը յոթերորդ տեղում է։ Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։

Նարինե Կռոյանի «Բելլա Բելլադոննա»-ն ութերորդ տեղում է։ Վանաձորում անկողնային մորն է խնամում 48-ամյա Բելլան։ Նախկին գրադարանավարն արդեն երեք տարի չի աշխատում. մոր երկարամյա հիվանդությունն ու գործազուրկ լինելու անպատվաբեր կարգավիճակն ստիպում են ապրել թոշակառուի հաշվին։ Բելլայի օրերն անգթորեն կրկնվում են. առավոտյան՝ մոր խնամք, հետո՝ խանութ, ապա՝ խոհանոց, երեկոյան՝ սերիալներ։

«Պարույր Սևակ-100» ժողովածուն իններորդ տեղում է։ Ժողովածուում ընդգրկված են Պարույր Սևակի «Անցյալը ներ­կայացած» ինքնակենսագրությունը, տարբեր տարիներին գրած լավագույն բանաստեղծությունները և «Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Ֆրանչեսկա դա Ռիմինի» պոեմները: Որոշ շտկումներ են կատարվել ձեռագրի հետ համեմատելով:

Տասներորդ տեղում է Հարութ Կբեյանի «Լոտո»-ն: Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10Ռուբեն Եսայան, «Մարդասպանը ես եմ» Զանգակ465
20Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» Դավինչի86
3+2Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» հեղ․ հրատ68
4 *Հովսեփ Վարդանյան, «Ագապի»Բուկինիստ63
5*Խաչիկ Դաշտենց, «Խոդեդան»Բուկինիստ59 
6*Մարկ Արեն, Վարս Չարենց, «Դարձյալ սիրո մասին»Բուկինիստ 51
7-4Սյունե Սևադա, «Արիության մետաղ»Newmag39
8*Նարինե Կռոյան, «Բելլա Բելլադոննա» Newmag35
9*«Պարույր Սևակ- 100»Մագաղաթ30
10*Հարութ Կբեյան, «Լոտո» Newmag29
Հայերեն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է