Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2025

10 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքների։

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքն առաջին տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» երկրորդ տեղում է։ Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։

Երրորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Չորրորդ տեղում է Ռիչարդ Կոխի «80/20-ի սկզբունքը»։ Պատկերացրեք, որ արդյունքի 80%-ը կարող եք ձեռք բերել ընդամենը 20% ջանքերով: Առաջին հայացքից անհավանական թվացող, բայց գիտականորեն ապացուցված այս պնդումն է ընկած «80/20 սկզբունքը» գրքի հիմքում, որն ուսումնասիրելով կարող եք բացահայտել գործողությունների, ջանքերի այն չնչին մասը՝ մոտ 20%-ը, որը հանգեցնում է արդյունքների զգալի՝ 80%-ին:

Ջորջ Քլեյսոնի «Բաբելոնի ամենահարուստ մարդը» հինգերորդ տեղում է։ Այս գիրքը, որը ամբողջ աշխարհում համարվում է ֆինանսական ավետարան, առնչվում է յուրաքանչյուրիս անձնական հաջողություններին: Հաջողությունը մեր ձեռքբերումներն են՝ որպես մեր ջանքերի ու կարողությունների արդյունք: Պատշաճ պատրաստվածությունը մեր հաջողության բանալին է: Մեր գործողությունները չեն կարող ավելի իմաստուն լինել, քան մեր միտքը: Եվ մեր մտքերը չեն կարող մեր գիտակցությունից իմաստուն լինել: Նիհար քսակները բուժող այս գիրքը համարվում է ֆինանսական հիմունքների ընկալման ուղեցույց: Այսպիսով, գիրքը նրանց համար է, ովքեր ձգտում են հասնել ֆինանսական հաջողության: Սովորեցնում է, թե ինչպես դրամ կուտակել, պահել այդ կուտակածը և բազմապատկել այն:

Ֆիլիպ Քոթլերի «Մարքեթինգ ԱՅԲ-ից ՖԵ. 80 կարևոր հասկացություն մենեջերների համար» գիրքը վեցերորդ տեղում է։ Ֆիլիպ Քոթլերին անվանում են «ժամանակակից մարքեթինգի հայր»: Նրա հեղինակած այս գիրքն առանձնահատուկ է նրանով, որ գրված է մասնագիտական և միևնույն ժամանակ հանրամատչելի լեզվով, այն խորքային ներհայեցմամբ ներկայացնում է մարքեթինգի 80 առանցքային հասկացությունների համառոտ քննությունը: Առանձին հասկացությունները դասավորված են այբբենական հերթականությամբ և հավակնում են ծածկելու մարքեթինգային ժամանակակից մտածողության ու խնդիրների ողջ տիրույթը: Հոդվածները ինքնուրույն միավորներ են, որոնք նաև խաչաձև հղումներ են պարունակում: Գիրքը նախատեսված է ինչպես մարքեթինգի մասնագետների, այնպես և ոլորտով հետաքրքրված ոչ մասնագետների համար:

Յուվալ Նոյ Հարարիի Nexus-ը յոթերորդ հորիզոնականում է։ Վերջին 100,000 տարում մենք՝ սապիենսներս, հսկայական ուժ ենք կուտակել: Ու չնայած մեր բոլոր հայտնագործություններին, գյուտերին և նվաճումներին՝ այժմ բախվել ենք գոյաբանական ճգնաժամի: Աշխարհը բնապահպանական կործանման եզրին է: Ապատեղեկատվությունն ահռելի չափի է հասել: Ու այս ամենի ֆոնին մենք գլխապատառ նետվում ենք դեպի ԱԲ դարաշրջան: Տեղեկատվական նոր ցանց, որը սպառնում է ոչնչացնել մեզ: Այսքան բանի հասնելուց հետո ինչո՞ւ ենք մենք՝ սապիենսներս, այդքան ինքնաոչնչացվող տեսակ:Nexus-ում Հարարին կրկին խոշորացույցի տակ է վերցրել մարդկության պատմությունը։ Այս անգամ նա ուսումնասիրում է, թե ինչպես է տեղեկատվության հոսքը ձևավորել մեզ ու մեր աշխարհը: Ճանապարհորդությունը սկսելով Քարի դարից մինչև Աստվածաշնչի կանոնիկացում, վաղ միջնադարյան վհուկորսից հասնելով ստալինիզմին, նացիզմին և մեր օրերում պոպուլիզմի վերելքին՝ Հարարին մեր ուշադրությունը հրավիրում է տեղեկատվության և ճշմարտության, բյուրոկրատիայի ու առասպելաբանության, խոհեմության և իշխանության խճճված կապի վրա:Նա բացատրում է, թե հասարակությունները և քաղաքական համակարգերը պատմության ընթացքում ինչպես են ինֆորմացիան կիրառել իրենց լավ կամ վատ նպատակներին հասնելու համար: Տեղեկատվությունը բացարձակ ճշմարտություն չէ, ոչ էլ սոսկ զենք: Nexus-ը բացահայտում է այս երկու ծայրահեղությունների ոսկե միջինը:

Րյուտա Կավաշիմայի «Մարզիր ուղեղդ» գիրքը ութերորդն է։ «Մարզիր ուղեղդ» գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր, քանի որ այն ուղեղը մարզելու ամենաարդյունավետ մեթոդիկաների ձեռնարկն է: Գրքում ներառված վարժությունները կօգնեն զարգացնել Ձեր հիշողությունը, , մտածողությունը, ուշադրությունը և կենտրոնացումը: Կարծում եք՝ անհնա՞ր բան է: Փորձեք և համոզվեք հակառակի մեջ:

Դավիթ Մեջլումյանի «Գրողի տարած Մոտիվացիան» իններորդ տեղում է։ Մեզ անընդհատ գցել են նույն թակարդը` խոստանալով մոտիվացնել գրքով, թրեյնինգով կամ ֆիլմով, իսկ իրականում ոչինչ էլ չեն տվել, որովհետև անհնար է մոտիվացնել որևէ մեկին գրքով կամ թրեյնինգով։ Զուտ հերթական անգամ մեր հաշվին գումար են աշխատել, իսկ մենք գնացել ենք հեշտ պատասխանների հետևից, և արդյունքում կարթը մնացել է հենց մեր կոկորդը։ Կամքի ուժը հիմնազուրկ մի՞ֆ է, իսկ հասարակության վրա թքած ունենալը՝ մոտիվացիայի կորստի գլխավոր պատճառների՞ց։ Հիմա բոլոր այս և այլ կարևոր հարցերի պատասխանները գտնվում են ձեր ձեռքերում, և կարդալով գիրքը՝ միանշանակ կհասկանաք, թե որտեղ էր կորել «Գրողի տարած Մոտիվացիան»:

Տասներորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։ 

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1+4

Ջեյմս Քլիըր,

«Ատոմային սովորություններ»  

Էդիթ Պրինտ70
2*

Դանիել Քանեման,

 «Մտածողություն. արագն ու դանդաղը»

Զանգակ62
3+3

Էրիկ Բեռն,

«Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» 

Դավինչի59
4-2

Ռիչարդ Կոխ,

«80/20-ի սկզբունքը» 

Դավինչի 50
5նոր

Ջորջ Քլեյսոն,

«Բաբելոնի ամենահարուստ մարդը» 

Էջ50
6նոր

Ֆիլիպ Քոթլեր,

«Մարքեթինգ ԱՅԲ-ից ՖԵ. 80 կարևոր հասկացություն մենեջերների համար» 

Զանգակ47
7*9ce5c34ab9fd098cd7e7c8f633d23641.jpg

Յուվալ Նոյ Հարարի,

 Nexus

Newmag43
8նոր

Րյուտա Կավաշիմա,

 «Մարզիր ուղեղդ»

Էջ43
9+1

Դավիթ Մեջլումյան,

 «Գրողի տարած Մոտիվացիան»

հեղ․ հրատ․42
10 *

Ռոբերտ Կիյոսակի,

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» 

Անտարես41

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում