Անցնող տարում «Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր. Վահագն Խաչատուրյան
4 րոպեի ընթերցում

Երևանում ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։
Նիստի մեկնարկին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Այսօրվա նիստը կարևոր հանգրվան է՝ ամփոփելու հիմնադրամի անցած տարվա գործունեության արդյունքները, արժևորելու կատարած աշխատանքն ու արձանագրելու ձեռքբերումները։ Միաժամանակ սա նաև հարթակ է արձանագրելու այն առաջնահերթությունները, որոնցով պետք է առաջնորդվի հիմնադրամն առաջիկայում։ Անցնող տարում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնց միջոցով նոր շունչ է հաղորդվել հիմնադրամի առաքելությանը, սակայն մեր առջև դեռևս կանգնած են բազում մարտահրավերներ թե՛ ռազմավարական պլանավորման, թե՛ ծրագրերի արդյունավետության բարձրացման, թե՛ համահայկական ներուժի լիարժեք օգտագործման տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ նախագահը։
ՀՀ նախագահի խոսքով՝ այս նիստը նաև առիթ է վերահաստատելու հիմնադրամի բովանդակային և կառուցվածքային զարգացման ճանապարհային քարտեզը ընդլայնելու ներգրավվածությունը, ուժեղացնելու վստահությունը և բարձրացնելու արդյունավետությունը` ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ողջ սփյուռքի բարգավաճման։
«Համոզված եմ, որ մեր այսօրվա քննարկումները կնպաստեն հիմնադրամի աշխատանքների առավել հստակ ուղղորդմանը` հենված թափանցիկության, պատասխանատվության և ներառականության սկզբունքների վրա։ Շնորհակալություն եմ հայտնում հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, հիմնադրամի աշխատակիցներին, աշխատակազմին և, իհարկե, բոլոր նվիրատուներին իրենց հանձնառության, հետևողականության և համատեղ աշխատանքի համար մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և աշխատանք»,- նշել է Խաչատուրյանը։
Հոգաբարձուների խուրհուրդը լսել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2024 թվականի գործունեության մասին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հաշվետվությունը։
Ներկայացվել են տարիներ շարունակ Հիմնադրամի կողմից էլ ավելի մեծածավալ բնույթ և ձևաչափ կրող ծրագրերը ՝ բնակարանաշինության, առողջապահության, հումանիտար օգնության տրամադրման, սոցիալական աջակցության, կրթական, ենթակառուցվածքների վերականգնման ու զարգացման, վերականգնվող էներգիայի լայնածավալ կիրառման, կրթության, դպրոցաշինության ոլորտներում:
Զարուհի Ազնաուրյանի խոսքով, 2024 թվականի ընթացքում իրականացվել է 1,633,358,691.79 ՀՀ դրամ արժողությամբ ավելի քան 50 ծրագիր, շուրջ «Հայաստան» 40 համայնքում՝ ավելի քան 55,000 շահառուների համար։ Ծրագրերի մի մասը երկարաժամկետ ծրագրեր են և շարունակվում են 2025-ին:
«Այս տարի ևս շարունակելու ենք կանգնել սահմանային համայնքների և իր բնակիչների կողքին, միևնույն ժամանակ սատարելով նաև արցախցիներին, որոնց առնչվող ծրագրերը կրելու են շարունակական բնույթ» ,-նշել է նա։
Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2024 թվականի տարեկան ֆինանսական և գործունեության հաշվետվությունները, 2025 թվականի տարեկան բյուջեն, հոգաբարձուների խորհրդի գործունեությունը, գույքի տնօրինումը և աշխատանքային ներքին կանոնակարգը։
Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին, հոգաբարձուներին, գործընկեր կազմակերպություններին Հիմնադրամին աջակցելու համար, Հիմնադրամի տեղական մարմիններին իրենց ջանասիրության ու նվիրվածության համար, ինչպես նաև Հիմնադրամի ողջ անձնակազմին՝ նվիրումով աշխատելու համար։