Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր»․ «Սասունցի Դավիթը» ՝ առաջատար. մանկական.մայիս, 2025

8 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր»․ «Սասունցի Դավիթը» ՝ առաջատար. մանկական.մայիս, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:

Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» էպոսի մանկապատանեկան մշակումը առաջին տեղում է։ Պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» երկրորդ տեղում է։ Ստանալով ծնողների աջակցությունը՝ Անին և Դավիթը ցանկանում են շարունակել իրենց ճամփորդությունները դեպի անցյալ՝ տեսնելու պատմական իրադարձությունները: Բայց մոգությունը մոգություն չէր լինի, եթե չլինեին անակնկալներ: Այս անգամ երեխաները կհայտնվեն ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև՝ ուրիշ մոլորակում․․

Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն երրորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»  չորրորդ տեղում է։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը, Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։

Շվեդ աշխարհահռչակ մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Մի՛ո, իմ Մի՛ո» հեքիաթը հինգերորդ տեղում է։ Այն բարու ու չարի հավերժական պայքարի, ընկերության ու հավատարմության, քաջության ու տոկունության մասին է։ Իննամյա հերոսն անցնում է հեքիաթային երկրներով, հանդիպում բազմաթիվ ընկերների, անցնում փորձությունների միջով և սեփական վախերը հաղթահարելով՝ կրկին վերադառնում իր հոր թագավորությունը։

Գառնիկ Ալեքսանյանի «Ժենգյալի համը» վեցերորդ տեղում է։ 11-ամյա Հայկն ամառային արձակուրդներին գնում է Շուշի։ Մորաքրոջ աղջկա՝ 10-ամյա Արևիկի հետ փոքրիկ վիճաբանությունից հետո Նրանք հայտնաբերում են քարացած Կելֆին, որը նրանց շնորհիվ կենդանանում է։ Շուտով Կելֆը երեխաներին պատմում է մարգարեության և աշխարհում տիրող բարի ու չար կախարդանքի մասին։ Նրանք պատկերացում չունեին, թե ինչ առաջադրանք է իրենց սպասվում և ինչպիսի գաղտնիքների ու փորձությունների են բախվելու… 

Շուշանիկ Գրիգորյանի «Դեմբոն ու Ջեմմին» յոթերորդ հորիզոնականում է։ Այս հեքիաթը ծնվեց տարիներ առաջ, երբ հեղինակը փորձում էր քնեցնել մի հրաշք բալիկի: Նա ամեն անգամ պահանջում էր պատմել զեբրի և կոկորդիլոսի մասին: Ամեն անգամ պատմելիս մենք միասին էինք հեքիաթը գունավորում նոր իրադարձություններով: Հետո այս հեքիաթը լսեցին նաև այլ փոքրիկ հրաշքներ ու շատ սիրեցին: Հեքիաթում ալարկոտ և եսասեր Դեմբո զեբրը հանդիպում է երազկոտ ու լավատես Ջեմմի կոկորդիլոսին։ Ջեմմին իր բարության և նվիրվածության շնորհիվ կարողանում է արթնացնել անտարբեր Դեմբոյի իրականում բարի սիրտը, և նրանք դառնում են անբաժան ընկերներ:

Սեբաստիեն Պերեզի և Բենժամեն Լակոմբի «Աշխարհի ամենալավ մայրիկը»  ութերորդ տեղում է։ Մենք բոլորս էլ մայրիկ ունենք: Նա է մեզ համար հոգ տանում, երբ լավ չենք զգում, վատ եղանակին ստիպում է տաք հագնվել:  Բայց ո՞վ է մայրիկը, և ինչ է նշանակում մայրիկ լինել: Ահա պարզագույն մի հարց, որը, սակայն, ունի նույնքան պատասխաններ, որքան գոյություն ունեն երեխա դաստիարակելու եղանակներ: Բնության մեջ անթիվ-անհամար մայրիկներ կան: Ո՞ւմ կարելի է ամենալավ մայրիկը համարել: Եղնի՞կ մայրիկին, կկո՞ւ մայրիկին, թե՞ մարդ մայրիկին: Արդյոք նրանք միևնույն կե՞րպ են իրենց բալիկներին մեծացնում: Եթե ո՛չ, ապա իսկապես ո՞վ է աշխարհի ամենալավ մայրիկը:

Փամելա Լինդոն Թրեվերսի «Մերի Փոփինսը» իններորդ տեղում է։ Վիպակը պատմում է աշխարհի ամենահայտնի դայակի` Մերի Փոփինսի և նրա հոգածության տակ գտնվող չորս երեխաների մասին: Մերի Փոփինսը խստաբարո է, խելացի, կոկիկ ու պչրասեր, բայց ամենակարևորն այն է, որ նրա հայտնվելու առաջին իսկ օրվանից դայակը զարմացնում է երեխաներին իր արտասովոր կարողություններով: Նրա հետ ապրած բոլոր օրերը լի են արտառոց արկածներով ու կախարդանքով: Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:

Սըր Ստիվ Ստիվենսոնի և Ստեֆանո Տուրկոնիի «Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը» տասներորդ տեղում է։ Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել... Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխԳիրք ՀրատՔանակ
1*

Հովհաննես Թումանյան,

 «Սասունցի Դավիթը»

հեղ հրատ127
2+9

Հայկ Աջապահյան,

 «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը»

Դավինչի126
3+3

Գրիմ Եղբայրներ,

 «Հեքիաթներ»

Բուկինիստ100
4-3

Հայկ Աջապահյան,

 «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»

Դավինչի96
5Նոր

Աստրիդ Լինդգրեն,

 «Մի՛ո, իմ Մի՛ո»

Զանգակ82
6Նոր

Գառնիկ Ալեքսանյան,

 «Ժենգյալի համը»

Դավինչի79
7+1

Շուշանիկ Գրիգորյան,

 «Դեմբոն ու Ջեմմին»

Զանգակ78
8Նոր

Սեբաստիեն Պերեզ և Բենժամեն Լակոմբ,

 «Աշխարհի ամենալավ մայրիկը»

Զանգակ71
9*

Փամելա Լինդոն Թրեվերս,

«Մերի Փոփինսը» 

Զանգակ69
10*

Սըր Ստիվ Ստիվենսոն և Ստեֆանո Տուրկոնի

 «Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը»

Զանգակ64
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում