Աշխարհ

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորներինը՝ 59-ի

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորներինը՝ 59-ի

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 22-ին երեկոյան պատարագի ժամանակ մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլաա շրջանում գտնվող հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, ևս 59 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Նախարարությունը հաստատել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար։

Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբը հաստատել է հետաքննության մեկնարկը և հայտարարել, որ «այս հանցագործությունները չեն խանգարի սիրիացիներին միասնական լինել»։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տալիս «Իսլամական պետության» ներգրավվածությունը հարձակման մեջ: Նախարարության խոսնակ Նուր ադ-Դին ալ-Բաբան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման հեղինակը մահապարտ-ահաբեկիչ է եղել, որը մտել է եկեղեցի և կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն:

Նա նաև հավելել է, որ «հարձակումն ուղղված չէր որևէ կոնկրետ դավանանքի դեմ, այլ բոլոր սիրիացիների դեմ էր»՝ պարզաբանելով, որ գործողության նպատակն էր կրոնական բախումներ ստեղծել և ապակայունացնել երկիրը: Նա նաև նշել է, որ պաշտամունքի վայրերի անվտանգությունը «կարմիր գիծ» է, և որ գործողությանը ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն:

Հարձակումը խստորեն դատապարտել են տարբեր երկրներ ու կառույցներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Եվրոպական Միությունը, Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Իրաքը, Լիբանանը և Միացյալ Նահանգները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում