Apicius միջազգային հյուրընկալության դպրոցն իր մասնաճյուղը կբացի Դիլիջանում՝ համադրելով իտալական փորձն ու հայկական ինքնատիպությունը

11 րոպեի ընթերցում

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում դեռևս 1997 թվականից գործող և հյուրընկալության ոլորտում հսկայական փորձառություն ունեցող Apicius International School of Hospitality կրթական հաստատությունը պատրաստվում է Դիլիջան քաղաքում Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոց բացել՝ համադրելով իտալական փորձն ու հայկական ինքնատիպությունը և ստեղծելով բացառիկ կրթական միջավայր, որը կգործի այս տարվա սեպտեմբերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կրթական հաստատության ներկայացուցիչներ՝ Մասիմո Բոկուսը և Սալվատորե Պրոկոպիոն Երևանում անցկացված ասուլիսի ընթացքում ներկայացրին Դիլիջանում բացվող Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցի գործունեության մանրամասները։ Ասուլիսին մասնակցում էին նաև «Գրին ռոք»‎ հիմնադրամի և նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան և «Գրին ռոք»‎-ի հաղորդակցության ղեկավար Էմմա Հակոբյանը։

Բանախոսների բնորոշմամբ՝ սեպտեմբերից Դիլիջանում բացվելիք Apicius դպրոցը կլինի առաջին միջազգային կրթօջախը տարածաշրջանում, որը մասնագիտացած կլինի հյուրընկալության կառավարում, գաստրոնոմիա, գինի և առողջ ապրելակերպի մշակույթ ուղղություններով:

««Apicius»-ը գալիս է Հայաստան՝ արդեն սեպտեմբերին իր դռները բացելու Դիլիջան քաղաքում։ Հյուրընկալության դպրոցը միտված է՝ զարգացնելու տվյալ ոլորտը։ «Գրին ռոք»‎-ը և «Գրին Ռոք» հիմնադրամը միտված են Դիլիջանի զարգացմանը՝ բիզնես և սոցիալական նախագծերի տեսքով, որի մաս է կազմում նաև հենց «Apicius» հյուրընկալության դպրոցը։ Բոլոր այն մարդիկ, որոնք ցանկանում են կարիերա սկսել հյուրընկալության ոլորտում, կարող են համալրել դպրոցի ուսանողների շարքերը»,-ասաց «Գրին ռոք»‎-ի հաղորդակցության ղեկավար Էմմա Հակոբյանը։

Նա նաև հավելեց, որ կրթական հաստատությունն իր դիմորդներին առաջարկում է ակադեմիական ծրագիր, մասնագիտական զարգացման ծրագրեր, ինչպես նաև կարճ դասընթացներ այցելուների համար։ Հակոբյանի խոսքով՝ կրթությունը տևում է 2 տարի, որի ընթացքում դիմորդը կարող է ինչպես 2 տարին էլ ուսում ստանալ Դիլիջանում, այնպես էլ կարող է առաջին տարին սովորել Դիլիջանում, իսկ երկրորդ տարին՝ Ֆլորենցիայում․ «Առաջին երկու տարիների ընթացքում «Ապիցիուս Արմենիա»-ում դասավանդելու է Իտալիայից հրավիրված դասախոսական կազմը։ Դասընթացներն անցկացվելու են անգլերենով, իսկ դասընթացներն ավարտելուց հետո ուսանողները ստանալու են հավաստագիր, որն ունի նույն ուժն, ինչպես Ֆլորենցիայում ուսանելու պարագայում։ Մասնագիտական ծրագրերն են՝ ռեստորանային կառավարում, գինու մշակույթ և կայուն հյուրընկալություն»։

«Գրին ռոք»‎ հիմնադրամի և այս նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան, ներկայացնելով բացվելիք կրթական հաստատության գործունեության մանրամասները, ընդգծեց, որ այն հանդիսանում է ոչ միայն կրթական դասընթացների հաստատություն, այլև հարթակ է՝ ձևավորելու հյուրընկալության ոլորտում բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների նոր սերունդ․ «Մենք ցանկանում ենք, որ Դիլիջանը դառնա միջազգային ճանաչում ունեցող կենտրոն, որտեղ իտալական փորձը և հայկական ինքնատիպությունը կհամադրվեն՝ ստեղծելով բացառիկ կրթական միջավայր: Նախագծի հիմնական նպատակը տարածաշրջանային մակարդակով հյուրընկալության կրթության բարձր որակի ապահովումն է՝ հիմնված կիրառական ուսուցման վրա: Ուսանողներն իրենց առաջին իսկ օրերից կլուծեն իրական ոլորտային խնդիրներ, կստանան գործնական գիտելիքներ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ միջազգային կարիերայի համար»:

Կատյա Բրեդիխինայի խոսքով՝ «Գրին ռոք»‎ հիմնադրամն ուշադրություն է կենտրոնացրել Դիլիջան քաղաքի զարգացման վրա՝ նպատակ ունենալով իր մասնակցությունն ունենալ քաղաքի արագ զարգացման գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ այս անգամ որոշում է կայացվել այդ մասնակցությունն ունենալ հյուրընկալության ոլորտի բարելավման գործում։

«Դիլիջանը նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջության տեսանկյունից, և մենք ցանկանում ենք, որ քաղաքը զարգացում ապրի նաև հյուրընկալության ոլորտում։ Դիլիջանում արդեն իսկ կան բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ և հանգստի ու զվարճանքի այլ վայրեր, սակայն մենք կցանկանայինք այդ բնագավառին նոր ստանդարտներ ու նոր շունչ հաղորդել»,-ընդգծեց Կատյա Բրեդիխինան՝ հավելելով, որ կրթօջախում սովորելու արժեքը մեկ տարվա համար կկազմի 3500 եվրո, բացի այդ, կգործի կացության փաթեթ այն ուսանողների համար, որոնք կցանկանան ապրել հենց Դիլիջանում, որը կկազմի 1000 եվրո 10 ամսվա համար, այսինքն՝ սա կազմում է 100 եվրո ամսական, բայց սա կլինի համատեղ կացարան երկու հոգու համար։ Նրա խոսքով՝ դասընթացների մեկ այլ պահանջ է անգլերենի մակարդակը, քանի որ ակադեմիական ծրագրերի ընթացքում կրթությունը լինելու է անգլերեն լեզվով, հետևաբար, անհրաժեշտ կլինի լեզվի իմացության որոշակի մակարդակ։

«Ապիցիուս»‎ դպրոցի հյուրընկալության մենեջեր Սալվատորե Պրոկոպիոն, իր հերթին, նշեց, որ հյուրընկալության ոլորտը կազմված է երկու մասից։ Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ կարծում են, թե սնունդը կամ խմիչքը պատշաճ կերպով մատուցելը, օրինակ՝ սնունդը որոշակի ձևով ներկայացնելը, աջ կամ ձախ կողմից մատուցելը և նմանատիպ այլ գործողություններն են, որ միայն կարևոր են ու բավարար, սակայն դա այդպես չէ։ 

«Հյուրընկալության ոլորտը նույնպես անցնում է փորձառական գործընթացով, այնպես որ ամեն ինչ փորձառության մասին է։ Մենք վաղուց դադարել ենք ռեստորաններ, հյուրանոցներ կամ հյուրընկալության հաստատություններ գնալ պարզապես համեղ և պատշաճ սնունդ ստանալու համար։ Մենք ճաշի ենք դուրս գալիս նաև այն բանի համար, որ ցանկանում ենք մի քիչ զվարճանալ, հաճելի ժամանակ անցկացնել և այդ իրավիճակը, միջավայրը, զրույցը, էներգիան, տրամադրությունը և այն ամենը, ինչ դուք շնչում եք այդ ճշգրիտ պահին, ստեղծում են այդ փորձը, այնպես որ ամեն ինչ պետք է լինի հենց դրա մասին։ Այդ պատճառով էլ բացարձակապես հիմնարար է ձեռք բերել այդ գիտելիքները և կարողությունները՝ այս ոլորտին շատ մոտենալու համար։ Փորձառական ուսուցումը նշանակում է ոչ միայն պրակտիկա։ Այն, ինչ մենք անում ենք և այն մեթոդները, որոնցով մենք սովորեցնում ենք իրական են, մեր ուսանողները գործընթացի կենտրոնում են»,-ասաց Սալվատորե Պրոկոպիոն։

«Ապիցիուս»‎ դպրոցի սննդի և գինու ուսումնասիրությունների գծով տնօրեն Մասիմո Բոկուսը նշեց, որ շատ կարևոր է ոլորտի դասավանդման գործընթացում համատեղել և՛ ակադեմիական բաղադրիչը, և՛ գործնական փորձը․ «Ինչպե՞ս՝ մեր համալսարանի ներսում ստեղծելով այնպիսի վայրեր, որտեղ ուսանողները պրակտիկա են անցկացնելու։ Մենք իրականում վերահսկում ենք նրանց ոչ թե սիմուլյացիաների ժամանակ, ինչպես շատ դպրոցներ են անում, այլ իրականում՝ բիստրոյում, սրճարանում կամ ճաշարանում, ռեստորանում։ Այսպիսով, մենք ստեղծել ենք բոլոր այն տարածքները, որտեղ ուսանողները կարող են պարապել, բայց ոչ միայն պարապել, սովորել իրենց ղեկավարների հետ միասին»։ 

Մասիմո Բոկուսի բնորոշմամբ՝ այս աշխատանքում մարդիկ պետք է հատուկ մտածելակերպ ունենան, և այդ մտածելակերպը մարդկանց երջանիկ դարձնելն է։

«Խոհարարը կարող է մարդկանց երջանիկ դարձնել՝ նույնիսկ մեկ ուտեստ պատրաստելով կամ ժպիտով։ Մենք ուզում ենք ուսանողներին պատրաստել դա անելու համար, և այս փորձը առաջարկվում է անմիջապես համալսարանի տարածքում։ Սա հենց այն է, ինչ մենք պատրաստվում ենք վերարտադրել Դիլիջանում»,-ասաց Մասիմո Բոկուսին։

Իտալացի մասնագետները, կիսվելով Հայաստանի մասին տպավորություններով, նշեցին, որ Երևան այցի հենց սկզբից զգացել են, որ Իտալիայի և Հայաստանի միջև մշակութային մեծ տարբերություն չկա։ 

«Մենք միջերկրածովյան ենք՝ մշակույթի առումով, ուստի միշտ զգացել ենք մեզ ինչպես տանը։ Մենք նույն մթնոլորտն ունենք, ուստի այստեղ մեզ շատ հարմարավետ ենք զգում։ Դիլիջանն ունի մեծ ներուժ, այն շատ հետաքրքիր քաղաք է, գեղեցիկ միջավայր։ Այն մեզ համար կտավի պես է, գեղեցիկ կտավի, որտեղ մենք ուզում ենք ավելի գունավորել։ Հայերն արդեն ունեն բոլոր անհրաժեշտ մշակութային տարրերը հյուրընկալության ոլորտը զարգացնելու համար։ Նրանք պարզապես պետք է աշխատեն այս ուղղությամբ և հասկանան, որ այս ոլորտը կարող է շատ կարևոր, օգտակար և հաջողակ լինել, և մենք այստեղ ենք՝ օգնելու և սովորելու, թե ինչպես զարգացնել այս ուղին»,-նշեցին մասնագետները։ 

Ասուլիսից հետո իտալացի մասնագետները հատուկ հայ լրագրողների համար նեգրոնի պատրաստեցին՝ բացահայտելով այդ յուրահատուկ խմիչքի գաղտնիքները։ 

Apicius Florence-ն ակադեմիական և մասնագիտական կրթության ոլորտում ճանաչված և հեղինակավոր հաստատություններից մեկն է՝ Իտալիայի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցներից: Դպրոցը հիմնադրվել է 1997 թվականին Ֆլորենցիայում՝ նպատակ ունենալով համախմբել հյուրընկալության և գաստրոնոմիայի ոլորտների լավագույն եվրոպական փորձը: Apicius International School of Hospitality-ը հանդիսանում է Ֆլորենցիայի Արվեստների համալսարանի և Ամերիկյան Ֆլորենցիայի համալսարանի մասնագիտական դպրոցներից մեկը, առաջարկում է վերապատրաստման, ակադեմիական և մասնագիտական կրթական ծրագրերի լայն տեսականի: Դպրոցն առաջնահերթ է համարում հատկապես գործնական գիտելիքների փոխանցումը: Ամեն տարի այն ընդունում է շուրջ 2500 ուսանող աշխարհի տարբեր երկրներից, որոնցից 600-ը մասնակցում են ամբողջական ակադեմիական կրթական ծրագրերին:

Հայերեն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է