Քաղաքականություն

ԱԳ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել ՀՀ Բարեկամության շքանշանը

2 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել ՀՀ Բարեկամության շքանշանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է ակտիվ ներգրավված լինել կազմակերպության մանդատին համահունչ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմիններում աշխատանքների շուրջ։

Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին աջակցության ծրագրերին։

Քննարկվել են Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ուղղությունները 2026 թվականի աշնանը Հայաստանում կայանալիք COP17-ի շրջանակներում՝ հաշվի առնելով տվյալ ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի զգալի փորձն ու մեխանիզմները։

Նշվում է, որ հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Օդրի Ազուլեին փոխանցել է Բարեկամության շքանշան, որով ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր քարտուղարը պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում