Քաղաքականություն

Սլովակիայի վարչապետը խոսել է Հայաստանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններից

3 րոպեի ընթերցում

Սլովակիայի վարչապետը խոսել է Հայաստանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններից

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն խոսեց պաշտպանական արդյունաբերության ոլորտում Հայաստանի և Սլովակիայի համագործակցության հնարավորությունների մասին։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆիցոն թեմայի մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ։ 

«Ես ասել եմ և, եթե թույլ տաք, կկրկնեմ․ եթե մենք չարտադրենք զենք, ապա ուրիշը կանի դա մեր փոխարեն, և մենք ստիպված կլինենք գնել այդ զենքը։ Եթե մենք մեծ գումարներ ենք ծախսում պաշտպանության վրա, պետք է՝ որպես փոքր պետություն, օգտագործենք մեր հնարավորությունները ՝ արտադրելով այնպիսի ապրանքներ, որոնք կբավարարեն մեր կարիքները և միևնույն ժամանակ մեզ չեն կապի խոշոր մատակարարների հետ»,-ընդգծեց Սլովակիայի վարչապետը։ 

Ֆիցոն նաև ներկայացրեց նաև Սլովակիայի՝ երկակի նշանակության նախագծերի փորձը՝ ընդգծելով, որ ռազմական բյուջեի հաշվին իր երկիրը իրականացնում է ենթակառուցվածքային ծրագրեր՝ հիվանդանոցների, ճանապարհների և կամուրջների վերակառուցման համար։ 

«Ես խորապես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք տեսել ենք անցյալում»,-նշեց նա։ 

Սլովակիայի վարչապետն անդրադարձավ նաև փորձի փոխանակման հնարավորություններին՝ առաջարկելով Հայաստանի հետ կիսվել Սլովակիայի փորձով՝ Եվրամիության հետ համագործակցության, պետական գնումների և ռազմավարական ներդրումների ոլորտներում։ 

«Վստահ եմ, դուք նույնպես ունեք հետաքրքիր գաղափարներ, որոնցից մենք կարող ենք դասեր քաղել։ Մենք երկուստեք կարող ենք սովորել միմյանցից»,-նշեց Ֆիցոն։ 

Սլովակիայի վարչապետը նաև ողջունեց Հայաստանի հետ փոխաջակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի թեկնածությունների և միջազգային առաքելությունների շրջանակում։

Նա բարձր գնահատեց իր մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին՝ ընդգծելով, որ այն եզակի հարթակ է՝ անկեղծ գաղափարներ և դիրքորոշումներ արտահայտելու համար։

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, մեծարգո պարոն վարչապետ։ Անհամբերությամբ սպասում եմ Ձեր այցելությանը Սլովակիա»,– ամփոփեց Ֆիցոն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում