«Երևանյան բեսթսելեր». «Եգիպտոսի կախարդանքը»՝ առաջատար. մանկական. ապրիլ, 2025

7 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»  առաջին տեղում է։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը, Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։

Երկրորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը: Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

Երրորդ տեղում է Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:

Չորրորդ տեղում է Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին»։ «Ծովահենի գրադարան» շարքից լույս է տեսել «Գանձերի կղզին» գիրքը: Շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպն առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին: Այն պատմում է Ջիմ Հոքինսի մասին, որն անսպասելիորեն միանում է ծովահենության աշխարհին, երբ հայտնաբերում է նավապետ Ֆլինտի՝ անմարդաբնակ կղզում թաքցրած գանձերի քարտեզը:

Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հինգերորդ տեղում է։  Գրքում ներառված են գերազանցապես հեղինակային գործեր, կա ժողովրդական հեքիաթի մշակում յուրատիպ մոտեցմամբ: Նոր շունչ բերող այս հեքիաթներն աչքի են ընկնում ժանրային փոխներթափանցումներով, ժամանակակից կյանքի այլաբանական պատկերներով, գաղափարական բովանդակության կարեւորումով, ընդհանրացումներով:

Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն վեցերորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...

Յոթերորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:

Շուշանիկ Գրիգորյանի «Դեմբոն ու Ջեմմին» ութերորդ հորիզոնականում է։ Այս հեքիաթը ծնվեց տարիներ առաջ, երբ հեղինակը փորձում էր քնեցնել մի հրաշք բալիկի: Նա ամեն անգամ պահանջում էր պատմել զեբրի և կոկորդիլոսի մասին: Ամեն անգամ պատմելիս մենք միասին էինք հեքիաթը գունավորում նոր իրադարձություններով: Հետո այս հեքիաթը լսեցին նաև այլ փոքրիկ հրաշքներ ու շատ սիրեցին: Հեքիաթում ալարկոտ և եսասեր Դեմբո զեբրը հանդիպում է երազկոտ ու լավատես Ջեմմի կոկորդիլոսին։ Ջեմմին իր բարության և նվիրվածության շնորհիվ կարողանում է արթնացնել անտարբեր Դեմբոյի իրականում բարի սիրտը, և նրանք դառնում են անբաժան ընկերներ:

Ռոալդ Դալին «Մաթիլդա» գիրքն իններորդ տեղում է։ Հայրիկներն ու մայրիկները շատ տարօրինակ են: Նույնիսկ եթե նրանց երեխան ձեր պատկերացրած ամենաանպիտանի մեկն է, կարծում են, թե նրանից լավն աշխարհում չկա: Բայց մեկ- մեկ ճիշտ հակառակն էլ է պատահում: Ծնողներ կան, որ բոլորովին բանի տեղ չեն դնում իրենց երեխային: Տեր և տիկին Որդնտակները հենց այդպիսին էին: Նրանք այնքան ապուշ էին ու այն աստիճան իրենց խղճուկ կյանքով տարված, որ իրենց դստեր մեջ ոչ մի արտառոց բան չէին տեսնում: Մինչդեռ Մաթիլդան իրոք արտառոց էր: Ամենից առավել՝ պայծառ միտք ուներ…

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» տասներորդ տեղում է։ Ստանալով ծնողների աջակցությունը՝ Անին և Դավիթը ցանկանում են շարունակել իրենց ճամփորդությունները դեպի անցյալ՝ տեսնելու պատմական իրադարձությունները: Բայց մոգությունը մոգություն չէր լինի, եթե չլինեին անակնկալներ: Այս անգամ երեխաները կհայտնվեն ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև՝ ուրիշ մոլորակում…

ՏեղՓոփոխ․Գիրք ՀրատՔանակ
10

Հայկ Աջապահյան,

 «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»

Դավինչի117
2*

Ջաննի Ռոդարի,

 «Չիպոլինոյի արկածները»

Զանգակ110
3*

Ջաննի Ռոդարի,

 «Հեքիաթներ հեռախոսով»

Զանգակ105
4*

Ռոբերտ Սթիվենսոն,

 «Գանձերի կղզին»

Անտարես101
5*

Էլֆիք Զոհրաբյան,

 «Բյուրեղապակե մարդը»

Անտարես50
6-4

Գրիմ Եղբայրներ,

 «Հեքիաթներ»

Բուկինիստ47
7*

Ռոալդ Դալ,

 «Չարլին և շոկոլադի գործարանը»

Անտարես47
8*

Շուշանիկ Գրիգորյան,

 «Դեմբոն ու Ջեմմին»

Զանգակ43
9*

Ռոալդ Դալ,

 «Մաթիլդա»

Անտարես41
10-6

Հայկ Աջապահյան,

 «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը»

Դավինչի39

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский