Ֆրանսիա

Փարիզում բացվել է մտավորական և բանաստեղծ Արշակ Չոպանյանին նվիրված հուշատախտակ

2 րոպեի ընթերցում

Փարիզում բացվել է մտավորական և բանաստեղծ Արշակ Չոպանյանին նվիրված հուշատախտակ

Փարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում մայիսի 14-ին բացվել է հուշատախտակ՝ նվիրված հայ մտավորական, Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոպանյանի հիշատակին։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանության փոխանցմամբ՝ երկար տարիներ շարունակ Փարիզի պատմական այս թաղամասում է ապրել Արշակ Չոպանյանը։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Հիշատակի և վետերանների հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Լորանս Պատրիսը, Արշակ Չոպանյանի անվան ինստիտուտի նախագահ Ժան Սիրապյանը։  

Արարողությանը ներկա են գտնվել նաև Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին, Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ Ալեքսի Գովցյանը, ֆրանսահայ անվանի գիտնական Կլոդ Մութաֆյանը, հայկական մի շարք ասոցիացիաների և հայ համայնքի ներկայացուցիչներ։  

Իր ելույթում Հայաստանի դեսպանը նշել է, որ Արշակ Չոպանյանի անվան հուշատախտակը բացվում է Փարիզի պատմական հայկական թաղամասում, որն իր կենսունակությամբ 1920-ական թվականներից ի վեր կարևոր դերակատարություն է ունեցել հայ մտավորականների նոր սերնդի ձևավորման գործում, որոնց թվում է եղել Արշակ Չոպանյանը։  

Դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել հայազգի մտավորականի հիշատակի հավերժացմանն ուղղված նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Դեսպանը նաև ընդգծել է Արշակ Չոպանյանի կարևոր դերակատարությունը 19-րդ դարի վերջի Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ջարդերից հետո Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման մեկնարկի գործում, որին հարում էին ֆրանսիական մտավորական և քաղաքական էլիտայի այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք էին՝ Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը, Ռոմեն Ռոլանը, Շառլ Պեգին, Ժորժ Կլեմանսոն և այլք։ 

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում