Տնտեսություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն

4 րոպեի ընթերցում

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբն ամփոփել է 2024 թվականի բարեգործական նախագծերը, արդյունքում՝ ընկերությունների խումբը նախորդ տարի կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն: «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը, ի դեմս Վահե, Վիգեն, Վահագն և Ռոման Բադալյանների, կարևորում և իրականացնում է սոցիալական, կրթական, գիտական, սպորտային, առողջապահական և մշակութային ծրագրեր՝ նպաստելով Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը։

Բադալյան ընտանիքը նախորդ տարվա ընթացքում բնակարաններ է գնել Արցախից տեղահանված երեք ընտանիքների համար։ 

Ընկերությունների խումբը տարեսկզբին ձեռագիր կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարք և Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանն է նվիրաբերել Մատենադարանին։ Ի դեպ, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների նախաձեռնությամբ ընթացիկ փուլում է Թալինի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցու վերակառուցման աշխատանքները:

Ընկերությունների խումբը նախորդ տարի եղել է սպորտի ակտիվ հովանավոր՝ խրախուսելով հաղթանակները և ոգևորելով մարզիկներին։ Խմբին պատկանող Fastex ընկերությունը 2024 թ․-ին հայ մարզիկներին, մարզիչներին և բժշկական անձնակազմին հատկացրել է շուրջ 712,000 FTN՝ համարժեք 673 միլիոն ՀՀ դրամի։ 

Ընկերությունների խումբն անմասն չի մնացել նաև մշակութային ոլորտից։ Տարեսկզբին աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոյի, Լուի Լորթիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ բացառիկ համերգը կայացել է խմբի օժանդակությամբ:  Կայացել են նաև բազմաթիվ այլ համերգներ, ֆիլմի պրեմիերա, ինչպես նաև աջակցություն է եղել հայ արվեստագետներին:

Բադալյան ընտանիքի աջակցությամբ կայացել է բացառիկ ծրագիր Վենետիկում։  Մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարիչների 20 ստեղծագործություն: Ֆասթեքսի AKNEYE նախագծի աջակցությամբ 100 տարի անց նկարները թվային տարբերակով ցուցադրվել են Վենետիկում՝ «վերստեղծելով» հայկական պատը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ վերանորոգվել և այս ընթացքում էլ վերանորոգվում և արդիականացվում են Հայաստանի մշակութային վայրերի՝ թատրոնների սանհանգույցները: Վերանորոգվել և վերանորոգման փուլում են 11 մշակութային կենտրոնների սանհանգույցներ։   

Խումբը զգալի ներդրումներ է կատարել կրթական ոլորտում՝ աջակցելով Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի հիմնանորոգմանը։

2024 թ․-ին Ֆասթեքսը և Երևանի պետական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կազմակերպելով դասընթացներ բլոկչեյնի հիմունքների, կրիպտոգրաֆիայի, DeFi-ի, Web3-ի անվտանգության և իրավական կարգավորումների վերաբերյալ։ 

Ֆասթեքսը 20 միլիոն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների վերազինման համար։ Ֆասթեքսի աջակցությամբ կայացել է «Ապագայի տնտեսությունը» համաժողովը: Հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երում կազմակերպվել են դասընթացներ, լավագույն ուսանողները պարգևատրվել են ու հնարավորություն ստացել աշխատանքի անցնել «Բադալյան եղբայրներին» պատկանող տարբեր ընկերություններում: 

Բադալյան ընտանիքը հովանավորել է WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը. Հանրապետության հրապարակում երեկոյի բացման համերգին ելույթ է ունեցել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։

Իրենց շարունակական և հետևողական գործունեությամբ Բադալյան եղբայրները կարևոր ներդրում են կատարում երկրի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում