Գավառ քաղաքում անցկացվել է հայ-ֆրանսիական պարի փառատոն
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի և ֆրանսիական Իզերի դեպարտամենտի միջև մշակութային գործակցությամբ Գավառ քաղաքում պարի փառատոն է անցկացվում: 14 խումբ ներկայանում է ժամանակակից պարերով: Արդեն 6 տարի հայ պատանիների հետ աշխատում են ֆրանսիական Հալե Էգայան պարախմբի մասնագետները: Համատեղ փորձում են ավանդական պարերին զուգահեռ զարգացնել նաև ժամանակակիցը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, համույթի պարուսույցների այցերը տարեկան երեք անգամ են, որոնց ընթացքում եռօրյա մաստեր կլաս են անցկացվում ավելի քան 30 երիտասարդների հետ: Ամեն տարի ծրագրի շրջանակներում շուրջ 100 երեխա և երիտասարդ մասնակցում է ժամանակակից պարի աշխատարանների:
«Հայ ընկերներիցս մեկին հարցրի՝ ի՞նչ է քեզ համար այս գործակցությունը, պատասխանեցի՝ կարևորն այն չէ, որ դու հայ ես, ես՝ ֆրանսիացի, կարևորն այն է, որ երկուսս էլ պարող ենք: Պարի փառատոնը միջոց է համախմբվելու ոչ թե «Ես սիրում եմ հայերին... ես սիրում եմ ֆրանսիացիներին...» մակարդակում, այլև մշակութային երկխոսությամբ, գիտելիքներ փոխանակելով»,- նշել է Լիոնի պարախմբի ղեկավար Բրունո Միեշոն։
Ժամանակակից պարերի դասավանդման ծրագրում ընդգրկված են մարզի արվեստի դպրոցների պարախմբերը և ֆրանսերենի ուսուցման խմբակների սաները: Փառատոնին նրանց են միացել պարողներ նաև Սյունիքի մարզից: Պարախմբերից շատերը սիրողական են և ձևավորվել են մշակութային նախաձեռնության շրջանակում: Միջոցառման մասնակիցները բացահայտում են ոչ միայն այլ ազգերի, այլև Հայաստանի տարբեր մարզերի պարի ավանդույթները:
Երկօրյա փառատոնի բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր, իսկ լավագույն երկու պարախմբի խրախուսել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն ու Գավառի համայքնապետարանը: