Տնտեսություն

Հումքի ձեռքբերումից մինչև արտադրություն և արտահանում. Պապոյանը վստահեցնում է՝ պետությունը տնտեսավարողների կողքին է

7 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ պետությունն աջակցում է տնտեսավարողներին՝ հումքի ձեռքբերումից մինչև արտադրության, արտահանման ու արտաքին շուկաներում այդ արտադրանքի առաջմղման ողջ ցիկլում:  

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այս մասին ասել է «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանում՝ ներկայացնելով նախարարության ծրագրերը:  

Լարսի անցակետն ու արտահանողների լոգիստիկ հարցերը

Անդրադառնալով Լարսի անցակետին այլընտրանք հանդիսացող լաստանավային հաղորդակցությանը՝ նախարարը նշեց՝ սպասվում էր, որ դրա գործարկմամբ արտահանումը էականորեն կհեշտանա, սակայն գործարկումից հետո պարզ դարձավ, որ այն պահանջարկ չունի: Ըստ Պապոյանի՝ դրա համար կային նաև օբյեկտիվ հիմքեր:

«Լաստանավի գործարկումը համընկավ ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետ: Դրա արդյունքում ՌԴ-ն ու Վրաստանը համատեղ մեծացրին Վերին Լարսի թողունակությունը, մեծ շինարարություն իրականացրին, որի արդյունքում տնտեսավարողները լաստանավի փոխարեն նախընտրեցին փոխադրում իրականացնել Վերին Լարսով, որովհետև Վերին Լարսի թողունակությունը մեծացավ: Եվ առ այսօր այդ առումով պահանջարկ չունենք»,-ասաց նախարարը:

Պապոյանը նկատեց, որ կան բազմաթիվ խնդիրներ: Սակայն իրենք դա աշխատանքային կարգով քննարկում են և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի գործընկերների հետ: Այդ խնդիրները Վերին Լարսով անցման հեշտացման, արագացման մասին են:

«Իսկ ֆունդամենտալ առումով այլ հնարավորություններ կբացվեն, երբ իրագործվի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Այդ ժամանակ մենք կկարողանանք Ադրբեջանի միջոցով կամ այլընտրանքային եղանակով դուրս գալ Ռուսաստանի շուկա, նկատի ունեմ երկաթուղային շարժը»,–ասաց Պապոյանը՝ հավելելով, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Հայաստանի և հարևան երկրների համար տնտեսապես արդյունավետ գործիքակազմ է:

Նախարարության բյուջեն, ծախսերն ու տնտեսավարողներին տրվող աջակցությունը

Էկոնոմիկայի նախարարությանը պետական բյուջեից 2024թ հատկացվել է 75.8 մլրդ դրամ: «Այդ գումարից մոտ 70 միլիարդը վերադարձրել ենք Հայաստանի տնտեսավարողներին, Հայաստանի բիզնեսին, գործունեություն ծավալող ֆերմերներին, առանձին գյուղացիական տնտեսություններին»,–ասաց նախարարը:

Անդրադառնալով նախարարության կողմից իրականացված ծրագրերի արդյունքներին՝ Պապոյանն ընդգծեց. «Ամենամեծ արդյունքը 5.9 տոկոս տնտեսական աճն է: Եվ ամենամեծ արդյունքն այն է, որ կառավարությունն իր սահմանած 5 տարվա համար տարեկան միջին 7 տոկոս տնտեսական աճի թիրախում է»:

Նախարարը շեշտեց՝ իրենց տնտեսական քաղաքականությունների արդյունքում Հայաստանում մեկ շնչին ընկող ՀՆԱ–ն վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել է: «Եթե մի քանի տարի առաջ այն 4000 դոլարից մի փոքր ավելի էր, ապա հիմա արդեն ավելի քան 8500 դոլար է: Արդյունք է նաև այն, որ ՀՀ–ում աշխատատեղերի և աշխատավարձի աճը պատմական ռեկորդ է սահմանում...»,–ասաց Պապոյանը: 

Նա հավելեց. «Որտեղի՞ց է գեներացվում գումարը, որ մենք տալիս ենք բանակին, տալիս ենք կենսաթոշակառուին, պետական ծառայողին կամ ուսուցիչներին, կրթությանը և այլն: Դա գեներացվում է մեր քաղաքացիների, մեր բիզնեսի վճարած հարկերից: Իսկ մենք այդ 70 մլրդ դրամը տվել ենք բիզնեսին, որ բիզնեսը վճարի 170 մլրդ դրամ հարկ: Այսինքն՝ սա պետության կողմից ներդրում է: Մենք վերցնում ենք, հարկերի մի մասը վերադարձնում ենք բիզնեսին, որ բիզնեսը զարգանա ու հաջորդ տարի վճարի ավելի շատ հարկ»:

Անդրադառնալով տնտեսավարողներին տրվող ուղիղ աջակցությանը՝ նախարարը նշեց, որ եթե որևէ կազմակերպություն ցանկանում է արտադրանք թողարկել, պետությունը աջակցում է սկսած հումքի ներմուծումից: Օրինակ՝ թելի, կտորների ներմուծման համար ազատում է մաքսատուրքից: Այսինքն՝ պետությունն օգնում է էժան հումքի ձեռքբերման հարցում: Նախարարը հաջորդիվ նշեց արտադրական փուլում աջակցության համար լիզինգի ծրագրի մասին, երբ պետությունը փոխհատուցում է տոկոսադրույքների մի մասը: «Սրա արդյունքում մեր արտադրողականությունը վերջին 5 տարում 2.5 անգամ ավելացել է: Սա հենց այդ տեխնոլոգիաների միջոցով է»,–ասաց Պապոյանը:

Նախարարն ընդգծեց՝ պետությունն աջակցում է նաև բարձր որակավորում ունեցող մասնագետ ներգրավելու հարցում: «Ասում ենք՝ եթե բարձր որակավորում ունեցող մասնագետ ես ներգրավում, ապա նրա աշխատավարձի մինչև 50 տոկոսը մենք ենք փոխհատուցում»,-նշեց նախարարը:

Գևորգ Պապոյանը նաև հայտնեց, որ եվրոպական երկրներ արտահանելու համար սերտիֆիկատ ստանալու արժեքի մինչև 80 տոկոսը ևս փոխհատուցում են: 

«Հասավ եվրոպական շուկա: Պարտադիր է, որ վաճառվի: Այստեղ ևս օգնում ենք: Մարքեթինգային միջոցառումներ ենք իրականացնում: Օրինակ՝ էքսպոյի մի տաղավարը կարող է 300 հազար, 500 հազար եվրո արժենալ: Պետությունը վարձակալում է այդ մեծ ու թանկ տաղավարները, և մեր արտադրողները սիմվոլիկ ներդրումներով կամ 90 տոկոս դեպքերում անվճար գնում ու իրենց ապրանքը ցուցադրում են, հնարավորություն են ունենում նոր կապեր ձևավորել: Այդտեղ էլ ենք աջակցում»,–ասաց նախարարը:

Եվրոպական երկրներ հայկական արտադրանք արտահանելու դեպքում պետությունը վերադարձնում է նաև մաքսատուրքը: 

«Ստացվում է ամբողջ ցիկլի մեջ՝ հումքի ձեռքբերումից մինչև արտադրություն, արտահանում, մեր տնտեսավարողների կողքին ենք: Տնտեսավարողներ կան, որ հսկայական աջակցություն են ստանում և այդ աջակցության շնորհիվ են զարգանում, նոր աշխատատեղեր ստեղծում»,–ասաց Պապոյանը:

Նրա գնահատմամբ՝ պետությունը շատ մեծ աջակցություն է ցուցաբերում գործարար համայնքին:

Պապոյանն անդրադարձավ նաև զբոսաշրջության զարգացման նպատակով իրականացվող ծրագրերին ու այլ աշխատանքների:

Մանրամասները՝ վիդեոփոդքասթում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում