Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով
1 րոպեի ընթերցում

Ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում նա գրել է, որ մեղադրանքը ներկայացվել է իրեն հիվանդանոցում։
Ապրիլի 30-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում։ Միջադեպի արդյունքում ձերբակալվել է 6 անձ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել և Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Միջադեպի պատճառը դարձել էր թաղապետարանի՝ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների որակի վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումը։ Արթուր Չախոյանը և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը պնդում են, որ դրան հաջորդել են թաղապետի կողմից հնչեցված սպառնալիքներ ու անհարգալից արտահայտություններ։