Եվրոպա

Բրիտանացի զինվորականներն Ուկրաինայում տեղակայվելու դեպքում չեն մասնակցի մարտական ​​գործողություններին

2 րոպեի ընթերցում

Բրիտանացի զինվորականներն Ուկրաինայում տեղակայվելու դեպքում չեն մասնակցի մարտական ​​գործողություններին

Ուկրաինայում տեղակայվելու դեպքում բրիտանական զորակազմի նպատակը կլինի ուկրաինական բանակի պատրաստումը, այլ ոչ թե մասնակցությունը մարտական գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։

«Մենք ակնկալում ենք, որ այդ նպատակները կուղղվեն Ուկրաինայի ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնմանը, այլ ոչ թե մարտական ​​գործողությունների անցկացմանը», - ասել է նախարարը։

Հիլին պատասխան նամակ է գրել երկրի պաշտպանության ստվերային նախարար Ջեյմս Քարթլիջին (այն հայտնվել է հրատարակության տրամադրության ներքո), որն առաջարկում է «կամեցողների կոալիցիայի» զորակազմի համար նախատեսել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների պահպանումից նահանջելու հնարավորություն՝ բրիտանական զորքերի դեմ Ռուսաստանի հնարավոր դատական հայցերից խուսափելու համար։

The Telegraph-ը հիշեցնում է, որ մարտին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զորակազմի առաքելությունը բնութագրել էր որպես «զսպող ուժ»՝ հայտարարելով, որ բրիտանական «զորքերը գտնվելու են ցամաքում, իսկ ինքնաթիռները՝ երկնքում»։

Հիլին նշել է, որ բրիտանացի զինվորականների մասնակցության պլանավորումը կենտրոնացած է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու վրա՝ «վերստեղծելու այնպիսի բանակ, որը կարող է զսպել ապագա ռուսական ագրեսիան»։

Ըստ հրապարակման՝ ակնկալվում է, որ «բրիտանական զորքերը կտեղակայվեն երկրի արևմուտքում, սահմաններից հեռու»։

Քարթլիջի կոչին ի պատասխան, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, Հիլին գրել է. «Մենք պատշաճ կերպով հաշվի կառնենք կոնվենցիայի դրույթները կոալիցիոն ուժերի կամավոր տեղակայման մանրամասները մշակելիս»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում