Հայաստան

Հայկական Balchug Capital ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում Goldman Sachs բանկի ձեռքբերման գործարքի փակման մասին

3 րոպեի ընթերցում

Հայկական Balchug Capital ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում Goldman Sachs բանկի ձեռքբերման գործարքի փակման մասին

Հայկական «Balchug Capital» («Balchug») ընկերությունը հայտարարել է «Goldman Sachs Group»-ի կողմից վերահսկվող «OOO Goldman Sachs Bank» ռուսական բանկի ձեռքբերման գործարքի փակման (կայացման) մասին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ կողմերը կնքել էին առուվաճառքի պայմանագիր և ստացել պաշտոնական թույլտվություն։ 

Սա կարևոր ձեռքբերում է ներդրումներ իրականացնող և մոտ $2 մլրդ ընդհանուր ակտիվներ ունեցող հայկական «Balchug Capital» ընկերության համար:

Գործարքի պայմաններով «Balchug»-ը ձեռք կբերի բանկն իր լիցենզիայով։ Բանկը կշարունակի իր գործունեությունն այլ անվանումով:

Իր ներդրումային գործունեության շրջանակում և տեղական ու միջազգային կանոնակարգերին լիարժեք համապատասխանությամբ «Balchug»-ն աջակցում է միջազգային ներդրողներին, ովքեր որոշել են հեռանալ ռուսական շուկայից: «Balchug»-ն իրականացրել է նման բնույթի մի շարք խոշոր գործարքներ, այդ թվում՝ Ռուսաստանում առևտրային անշարժ գույքի երկու խոշոր ակտիվների՝ Սանկտ Պետերբուրգի A դասի ամենամեծ գրասենյակային շենքերից մեկի՝ Pulkovo Sky-ի, և Մոսկվայի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկի՝ Metropolis առևտրի կենտրոնի ձեռքբերումը:

«Ուրախ եմ, որ գործարքը փակվել է: Մենք սերտորեն աշխատել ենք բոլոր համապատասխան մարմինների հետ, որպեսզի ապահովենք գործարքի լիարժեք համապատասխանությունը տեղական և միջազգային բոլոր օրենքներին և պատժամիջոցների կանոնակարգերին: Բանկն առանցքային դեր կխաղա Balchug Capital-ի պորտֆելում և թույլ կտա իրականացնել մեր երկարաժամկետ ռազմավարությունը, որը որդեգրել ենք մեր գործունեության բոլոր տարածաշրջաններում», - ասել է Balchug Capital-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Ամարյանը։ 

  • Նշանակալի ձեռքբերում Balchug Capital-ի պորտֆելի համար
  • Իր ներդրումային գործունեության շրջանակում Balchug-ն աջակցում է միջազգային ներդրողներին, ովքեր որոշել են հեռանալ ռուսական շուկայից
  • Balchug Capital-ի նախորդ ձեռքբերումների շարքում են առևտրային անշարժ գույքի առաջատար ակտիվներ

Balchug Capital-ի մասին.

Ներդրումներ իրականացնող հայկական «Balchug Capital» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Դավիթ Ամարյանի կողմից, ով ընկերության գործադիր տնօրենն է և վերահսկում է ընկերության ներդրումային ամբողջ գործունեությունը: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում