Իրանը դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ բանակցությունների նոր փուլից առաջ
3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները, որոնք ուղղված են մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք առնչություն ունեն Իրանի էներգետիկայի, նավթի և գազի ոլորտների, ինչպես նաև երկրի խաղաղ միջուկային ծրագրի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը։
Բաղային Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ քաղաքականությունը որակել է որպես Իրանի ժողովրդի նկատմամբ Վաշինգտոնի «թշնամական մոտեցման և օրենքի գերակայության ու մարդու իրավունքների անտեսման ակնհայտ նշան»:
Խոսնակը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմերի «կառուցվածքային կախվածությունը» զարգացող երկրների դեմ տնտեսական պատժամիջոցներից, որոնք օգտագործվում են որպես ահաբեկման և քաղաքական ճնշման գործիք, խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։
Բաղայիի խոսքով՝ Իրանի տնտեսության և առևտրի տարբեր հատվածների նկատմամբ պատժամիջոցների շարունակական կիրառումն անօրինական և ահաբեկչական գործողություն է, որն ուղղակիորեն հակասում է երկխոսության և բանակցությունների ձգտման վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումներին:
«Սա ակնհայտորեն ցույց է տալիս Միացյալ Նահանգների բարի կամքի և լրջության բացակայությունը», - ընդգծել է նա։
Բաղային հավելել է, որ Իրանի ժողովրդի դեմ այս միակողմանի պատժամիջոցներն անօրինական ու կամայական և չեն համապատասխանում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին:
«Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկվի նման հանցավոր գործողությունների հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար», - եզրափակել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Ahram պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հեղուկ գազի ոլորտում իրանցի հայտնի գործարար Ասադուլլահ Էմամջոմեի և նրա կորպորատիվ ցանցի դեմ, որը «պատասխանատու է միլիոնավոր դոլարի իրանական հեղուկ գազ և նավթահումք արտասահմանյան շուկաներ առաքելու համար»:
Պատժամիջոցները սահմանվել են այն ժամանակ, երբ Թեհրանը և Վաշինգտոնն ապրիլի 12-ին և 19-ին Մասկատում և Հռոմում անցկացրել են միջուկային թեմային նվիրված անուղղակի բանակցությունների երկու փուլ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել տեխնիկական բանակցությունները փորձագետների մակարդակով Օմանում ապրիլի 23-ին, որին կհաջորդի բարձրաստիճան բանակցողների հանդիպումը ապրիլի 26-ին։