Քաղաքացիական գործերի թիվը մոտ 80 տոկոսով նվազել է․ ԲԴԽ նախագահ
1 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին քաղաքացիական գործերի թիվը դատարաններում զգալիորեն նվազել է՝ օրենսդրական բարեփոխումների շնորհիվ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։
Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն գործադիր և օրենսդիր մարմինների գործընկերների հետ համատեղ մշակված օրենսդրական նախաձեռնությունների և գործող օրենքների արդյունքում կարողացել է զգալիորեն թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը։
«Քաղաքացիական գործերի մասով վերջին ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումներն իրենց դրական արդյունքները տվել են։ Այն գործերը, որոնք մինչև 2 միլիոն դրամի բռնագանձման գործեր են, այլևս չեն քննում քաղաքացիական գործերով զբաղվող դատավորները։ Սա հնարավորություն է տվել գրեթե 80 տոկոսով նվազեցնել քաղաքացիական գործերի քանակը»,-նշեց Աթաբեկյանը։
ԲԴԽ նախագահի ներկայացմամբ՝ դատարաններում քաղաքացիական գործերի թիվը մոտ 170 հազարից իջեցվել է 20 հազարի սահմանում, ինչն, ըստ նրա, մեծ ազդեցություն է ունեցել դատարանների արդյունավետության վրա։