Աստանան հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ կապերի զարգացմանը. Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հարցազրույցը

8 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցությունը նշանակալի և խոստումնալից ներուժ ունի՝ հաշվի առնելով երկկողմ պատմական կապերը, մշակութային ավանդույթներն ու հարաբերություններն ամրապնդելու երկու երկրների ցանկությունը: 

«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան՝ անդրադարձ կատարելով հայ-ղազախական միջմշակութային կապերին, տարբեր ոլորտներում երկու երկրների միջև զարգացող հարարաբերություններին և երկկողմ գործընկերության հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին: 

Աիդա Բալաևան նկատել է, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև հարաբերությունները արագընթաց կերպով զարգանում են, որն առաջին հերթին ցույց է տալիս հայ և ղազախ ժողովուրդների միջև կապերն ընդլայնելու և նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ երկու երկրների ղեկավարությունների կողմից գործադրվող ջանքերը: 

Հարցազրույցն անցկացվել է ապրիլի 16-ին։ 

- Տիկին նախարար, վերջին տարիներին նկատելի է, թե ինչպես են զարգանում ու խորանում հայ-ղազախական հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային ոլորտում։ Ինչպե՞ս կգնահատեիք հայ-ղազախական միջմշակութային հարաբերությունների ներկա մակարդակը և ի՞նչ առանձնահատկություններ կառանձնացնեիք այս ոլորտում։  

- Ղազախստանն ու Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական և վստահելի հարաբերություններ։ Մեր երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցությունը որակապես նոր մակարդակի է հասել։ Ղազախստանը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, որոնք սերտորեն զարգանում են փոխադարձ հիմունքներով։ 

Վերջին տարիների մշակութային իրադարձությունները, ինչպիսիք են «Ղազախական գրականության անթոլոգիան» հայերեն գրքի շնորհանդեսը, «Աբայ-175» ժողովածուի շնորհանդեսը, ղազախական հեքիաթների թարգմանությունը հայերեն և ղփչաղերեն հայագիտական ​​գրավոր հուշարձանների թեմայով միջազգային գիտաժողովները վկայում են մեր մշակութային պահպանման և փոխադարձ խթանման նկատմամբ երկու երկրների խորը հետաքրքրության մասին։

- Ո՞րն է Ձեր այցի նպատակը Հայաստան։ Կխնդրեի մի փոքր մանրամասնել:

- Մշակութային օրերի փոխադարձ անցկացումը բարի ավանդույթ է դառնում մեր երկրների միջև փոխգործակցության մեջ։ Անցյալ տարի Ղազախստանում հաջողությամբ անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը։ Ղազախ հանդիսատեսն ուրախ էր ծանոթանալ հայկական մշակույթին՝ ֆիլմերի դիտմամբ, ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆոտոցուցահանդես այցելելով և ստեղծագործական խմբերի մասնակցությամբ գալա համերգին։ Այս անգամ մենք եկել ենք պատասխան այցով՝ ապրիլի 18-19-ը Երևանում կանցկացվեն Ղազախական մշակույթի օրեր։

- Ինչպես նշեցիք, Երևան կատարած Ձեր այցը կապված է Հայաստանում ղազախական մշակույթի օրերի անցկացման հետ, իսկ ի՞նչ միջոցառումներ են նախատեսված այս ընթացքում։

- Ղազախական մշակույթի օրերի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Ղազախական կինոյի օրեր։ Հայ հանդիսատեսի համար բերել ենք չորս լիամետրաժ ֆիլմ՝ «Ղազախական խանությունը. Ոսկե գահը», «Կանգ առ, գիշեր», «Հայրենասերների ժամանակը», «Բերկուտ» և «Ինչու ծիծեռնակը պոչին եղջյուրներ ունի» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը: 

Բացի այդ, մենք կմասնակցենք նաև Երևանում ղազախ մեծ բանաստեղծ և մտածող Աբայ Կունանբաևի անվան այգու հանդիսավոր բացմանը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ղազախ ժողովրդի անունից երախտագիտության ամենաջերմ խոսքերը հայտնել Հայաստանի ղեկավարությանը և բոլոր ներգրավվածներին՝ Աբայի հիշատակի հանդեպ հարգանքի նման մեծ ժեստի համար։ 

Մշակութային ծրագիրը կեզրափակվի գալա համերգով, որին կմասնակցեն ղազախական էստրադայի առաջատար մենակատարներ և խմբեր: 

Վստահ եմ, որ Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերը հաջող կանցնեն և հայ հանդիսատեսին շատ դրական էմոցիաներ կպարգևեն։

- Անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ նախագահը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն այցելեցին Աստանա՝ մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացմանը։ Հիմա տեսնում ենք, որ նույնը կատարվում է Երևանում։ Հաշվի առնելով այս իրադարձությունները՝ ինչպե՞ս կգնահատեք նման միջոցառումների անցկացումը, և ըստ Ձեզ՝ ի՞նչ նշանակություն ունեն դրանք։

- Նախորդ տարի Աստանայում ղազախական և հայկական կողմերը քննարկել են թանգարանային և արխիվային ոլորտներում համագործակցության, ինչպես նաև արվեստի և վավերագրական ու գեղարվեստական ​​ֆիլմերի արտադրության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արդյունքում ստորագրվել է 2025-2026 թվականների մշակութային և հումանիտար համագործակցության ոլորտում փոխգործակցության գործողությունների ծրագիր։ Այդ փաստաթուղթն ամրապնդում է կապերը թանգարանների, ստեղծագործական խմբերի, արվեստագետների, հրատարակիչների, գրողների, կրթության ոլորտի մասնագետների միջև մշակույթի, երիտասարդական քաղաքականության և կամավորական գործունեության ոլորտում: Այս ամենը մշակույթի ոլորտում երկու երկրների փոխգործակցության հետագա զարգացման և մեր ժողովուրդների մերձեցման երաշխիք է։

- Տիկին նախարար, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հայ և ղազախ ժողովուրդների միջև մշակութային համագործակցության և կապերի զարգացման համար։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ։

- Ղազախ-հայկական հարաբերություններն ամուր բարեկամության վառ օրինակ են, որի հիմքը մշակութային և հումանիտար սերտ փոխգործակցությունն է։ Այս ամենը մեծ նշանակություն ունի նաև Հայաստանում բնակվող ղազախների և Ղազախստանի հայերի համար։ Այսօր մեր երկրում ապրում է հայ էթնիկ խմբի ավելի քան 16 հազար ներկայացուցիչ, գործում են հայերի 27 էթնոմշակութային միավորումներ։ Նրանց գործունեությունն ուղղված է հայ ժողովրդի մշակույթի, լեզվի, ավանդույթների և պատմության հանրահռչակմանը։ Իրենց հիմնական գործունեությունը լիարժեք իրականացնելու համար հայկական էթնոմշակութային միություններին՝ ի թիվս այլ էթնիկ խմբերի, տրամադրվում են տարածքներ Բարեկամության տներում։ 

Այսօր հայկական էթնոմշակութային միավորումների ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված են Ղազախստանի Ժողովրդական ժողովի աշխատանքներին և անմիջականորեն մասնակցում են երկրում ազգամիջյան ներդաշնակության ամրապնդմանն ուղղված պետական ​​քաղաքականության իրականացմանը։ 

Մեր երկրների միջև համագործակցությունը նշանակալի և խոստումնալից ներուժ ունի՝ հաշվի առնելով պատմական կապերը, մշակութային ավանդույթները և երկկողմ հարաբերություններն ամրապնդելու երկու երկրների ցանկությունը:

 

Հայերեն English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում