Տնտեսություն

Լիզինգ ֆինանսական գործիքը՝ բիզնեսի համար առավել հասանելի և կիրառելի. Երևանում մեկնարկել է LEASING EXPO 2025-ը

4 րոպեի ընթերցում

Լիզինգ ֆինանսական գործիքը բիզնեսի համար այսքան հասանելի և կիրառելի դեռևս  չի եղել. արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվում է տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսը՝ LEASING EXPO 2025-ը: Ցուցահանդեսին ներկայացված են  70-ից ավելի ընկերություններ՝ տարբեր ոլորտներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքն ավելի հասանելի և կիրառելի դարձնելն է բիզնեսի համար՝ գործընթացում ներգրավելով ոչ միայն ֆինանսաբանկային կառույցներին, այլև ամենատարբեր ոլորտներում առաջատար մատակարար ընկերությունների։

Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը ընդգծեց՝ LEASING EXPO-ի հարթակում հանդիպում են լիզինգային գործընթացի բոլոր կարևոր կողմերը:

«Այս տարի ցուցահանդեսի մասշտաբն աննախադեպ է, քանի որ  մենք ունենք նոր խոշոր ընկերություններ, որոնք միացել են ցուցահանդեսին: Ընդգծեմ, որ նախորդ տարիների համեմատ մենք այլևս մարդկանց չենք բացատրում, թե ի՞նչ է լիզինգը, այլ հստակ տեսնում ենք, որ մարդիկ շատ լավ տիրապետում են այս ֆինանսական գործիքին և կարողանում են շատ լավ  օգտագործել: Այցելուների տեսանկյունից էլ նշեմ, որ մենք այս տարի ևս ունենք կրկնակի շատ գրանցումներ՝ նախորդ տարվա համեմատ: Ինչպես նաև այս տարի մենք ունենք հատուկ և աննախադեպ առաջարկներ և զեղչեր, որոնք այլ օրերի երբևէ չեն գործելու»,- նշեց Հարոյանը:

Leasing EXPO-ն կազմակերպվում է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հետ համատեղ, գլխավոր հովանավորներն են ՝ EcoVille, Premium Machinery Armenia, հովանավորներ՝ Armenian Leasing Company, Unimine,  ընկերությունները, հիմնական գործընկերը՝ ACBA Leasing:

Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանի խոսքով՝ ցուցահանդեսը մեկնարկից ի վեր մեծապես նպաստել է  լիզինգի կարևոր գործիքակազմի իրազեկման բարձրացմանը գործընթացի բոլոր կողմերի շրջանում:

Մեկ հարթակում ներկայացված են գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ, շինարարական տեխնիկա, արդյունաբերական սարքավորումներ, արտադրական սարքավորումներ, սառնարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, ֆինանսաբանկային կառույցներ: 

ACBA Leasing ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանն էլ հավելեց՝ երբ 20 տարի առաջ նոր սկսում էին կիրառել ֆինասական գործիքը, յուրաքանչյուր հաճախորդին բացատրում էին, թե ի՞նչ է լիզինգը, շատ դեպքերում նույնիսկ չէր էլ ընկալվում: Սակայն Սարգսյանն ուրախությամբ նշեց՝ այժմ նկատվում է մեծ փոփոխություն, սակայն դեռ աշխատելու տեղ կա: 

2023 թվականից գործունեություն ծավալող Ինտերքարս ընկերությունն էլ Հայաստան է բերում նոր մշակույթ՝ ներկայացնելով էլեկտրական մեքենաների միանգամից 4 պաշտոնական բրենդ:

ArmAgro ENGINEERING ընկերությունն էլ առաջարկում է Հայաստանում ստեղծված  նորամուծություն հողամշակման ոլորտում: 

Ընկերության տնօրենը Արթուր Ալթունյանը նշեց՝ Էքսպոյից սպասելիքները մեծ են, քանի որ Հայաստանում մեծ թափով զարգանում  են այգեգործությունը, խաղողագործությունը,  իսկ տվյալ մեքենան էլ ագրոտեխնիկական սպասարկման առումով շատ կարևոր ֆունկցիա է կատարում:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև ապրիլի 20-ը: Այն անցկացվում է Մերիդիան ցուցահանդեսային համալիրում, մուտքն ազատ է, սակայն պարտադիր գրանցումով։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում