Իրավունք

Վերաքննիչ դատարանը բեկանել է Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը և գործն ուղարկել նոր քննության

2 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանը բեկանել է Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը և գործն ուղարկել նոր քննության

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը և բեկանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության»,- նշեցին դատախազությունից:

Սերժ Սարգսյանին 2019 թվականին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: 

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։

2024 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել էր ՀՀ երրորդ նախագահին և գործով անցնող մյուս անձանց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանի որոշմամբ վերացվել էին Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում