Տաջիկստանում երկրաշարժերի հետևանքով երեխա է զոհվել, ավերվել է 94 տուն
2 րոպեի ընթերցում

Տաջիկստանում ապրիլի 14-ին կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է տաջիկական Avesta լրատվական գործակալությունը։
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաշտ քաղաքից 37 կմ հեռավորության վրա։
Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում Տաջիկստանի տարբեր շրջաններում երեք երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի հետևանքով երեք տարեկան երեխա է զոհվել։ Բացի այդ, ավերվել են 94 բնակելի շենքեր, հասարակական շինություններ և Գյուլհանի գյուղի դպրոցի օժանդակ մասնաշենքը։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականի հիման վրա ստեղծվել է հանրապետական հանձնաժողով՝ երկրի փոխվարչապետի գլխավորությամբ։ Հանձնաժողովը տեղում ուսումնասիրում է իրավիճակը, գնահատում վնասները և համակարգում աշխատանքները երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ։
Տաջիկստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանությունը ցավակցություն է հայտնել երկրի կառավարությանն ու ժողովրդին՝ վերջին երկու օրերին հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ։
Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ ապրիլի 13-ին, ժամը 09:24-ին երկրաշարժ է գրանցվել Տաջիկստանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 160 կիլոմետր հյուսիս-արևելք, Ռաշտի շրջանից 21 կմ դեպի արևելք: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ, Ռաշտի շրջանում՝ 4-5 բալ, Դուշանբե քաղաքում՝ 3 բալ։
Ապրիլի 13-ին առաջին ցնցումներից հետո հանրապետությունում գրանցվել է ևս երեք ստորգետնյա ցնցում, որի էպիկենտրոնը գտնվել է Ռաշտի շրջանում։