Տնտեսություն

Հայաստանի բիլիարդի ասոցիացիայի և Չինաստանի Qiao's Billiards Sports Industry Group-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բիլիարդի ասոցիացիայի և Չինաստանի Qiao's Billiards Sports Industry Group-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Չինաստանում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանի հետ հյուրընկալել են Չինաստանի Qiao's Billiards Sports Industry Group-ի նախագահ և գործադիր տնօրեն Քիաո Յուանշուի գլխավորած պատվիրակությանը, ինչպես նաև Հայաստանի բիլիարդի ասոցիացիայի նախագահ Պավել Խաչատրյանին և ասոցիացիայի ներկայացուցիչներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում չինական կողմը ներկայացրել է իրենց կազմակերպության գործունեությունը, ձեռքբերումներն ու համագործակցության շրջանակը։

Հայաստանի բիլիարդի ասոցիացիայի նախագահը կարևորել է Qiao's Billiards Sports Industry Group-ի հետ համագործակցության մեկնարկը, խոսել առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին։

Կողմերը քննարկել են սպորտային զբոսաշրջության ոլորտում բիլիարդի խաղերի ու առաջնությունների կազմակերպման, դրանց լուսաբանման և սոցիալական հարթակներով առաջխաղացման առավելությունների, ինչպես նաև միջոցառումների տեսանելիության բարձրացման միջոցով երկրի ճանաչելիության ամրապնդման հնարավորությունները։

Կոմիտեի նախագահը խոսել է սպորտային զբոսաշրջության բնագավառում Հայաստանում վերջին տարիների ակտիվության մասին՝ ընդգծելով ոլորտի դիվերսիֆիկացման և Հայաստանի՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների հյուրընկալման հարթակի դիրքավորման կարևորությունը։

Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը բարձր է գնահատել Չինաստանի Qiao's Billiards Sports Industry Group-ի և Հայաստանի բիլիարդի ասոցիացիայի համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ աշխատանքն էական արդյունքներ կտա ինչպես զբոսաշրջության, այնպես էլ ներդրումների ոլորտներում։

Մասնակիցներն իրենց հերթին կարևորել են երկու կազմակերպությունների միջև համագործակցության կայացման հարցում Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի ներդրումն ու ջանքերը։

Հանդիպման ավարտին Qiao's Billiards Sports Industry Group-ի և Հայաստանի բիլիարդի ասոցիացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում