Աշխարհ

ՆԱՏՕ-ն ծրագրում է մեծացնել իր ներգրավվածությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն ծրագրում է մեծացնել իր ներգրավվածությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

ԱՄՆ-ն ընդլայնում է անվտանգության հարցերով իր ներգրավվածությունն Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ակնկալում է, որ ռազմական դաշինքը նույնպես կմեծացնի իր ներգրավվածությունը՝ սատարելով Վաշինգտոնին «հավաքական ուժի ցուցադրման» գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Japan Times պարբերականը թեմայի շուրջ զրուցել է Ռյուտեի հետ՝ Ճապոնիա նրա այցի նախաշեմին։ 

Ռյուտեն նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն «ավելի շատ ներգրավված լինի» տարածաշրջանում։

«Երբ հարցը վերաբերում է այն բանին, որ ՆԱՏՕ-ն որպես դաշինք ավելի ներգրավվի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այս հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն կա», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև պարզաբանել է, որ խոսքը չի վերաբերում դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի գործողության ընդլայնմանն ասիական դաշնակիցների վրա։

ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը նախատեսում է, որ դաշինքի մեկ կամ մի քանի երկրների վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում ամբողջ դաշինքի վրա: Ընդ որում, յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իրականացնել պատասխան գործողություններ։

Ռյուտեն Ճապոնիայում կլինի ապրիլի 8-9-ին։ Սա կլինի նրա առաջին այցը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան 2024 թ. հոկտեմբերին դաշինքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Ռյուտեն հայտարարել է, որ իր այցի նպատակն է ամրապնդել կապերը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի չորս գործընկերների՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ։ 

Վերջին տարիներին Ճապոնիան ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Երկրի վարչապետը մի քանի անգամ մասնակցել է դաշինքի գագաթնաժողովներին, իսկ հունվարին Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ին կից Ճապոնիայի առանձին մշտական ​​ներկայացուցչություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում