Շանհայից Երևան. գիտական համագործակցության զարգացումը

6 րոպեի ընթերցում

Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները բազմոլորտ են ու բազմաշերտ։ Թեպետ երկու երկրների միջև դիվանագիտական կապերը հաստատվել են ընդամենը 33 տարի առաջ, սակայն հայ և չին ժողովուրդների միջև բարեկամությունը գալիս է դարերի խորքերից։ 

21-րդ դարում այդ համագործակցությունն ընդգրկում է գործունեության ինչպես հին, այնպես էլ նոր ուղղություններ։ Դրանց շարքում են նաև առողջապահությունն ու բժշկական հետազոտությունները։ 

Չինացի Յուչի Վեյն արդեն 10 տարի է՝ բնակվում և աշխատում է Հայաստանում։ Նա «ClinChoice» գիտահետազոտական կազմակերպության փոխտնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է բուժպարագաների և դեղորայքի անվտանգությունը ստուգելու  կլինիկական, ինչպես նաև այդ դեղորայքի գրանցման  աշխատանքներով։ 

Հիմնադրվելով 1995 թվականին՝ «ClinChoice»-ը սկսել է իր գործունեությունը ԱՄՆ-ում՝ որպես վիճակագրական ծառայություններ մատուցող ընկերություն՝ K&L անվամբ: 2012 թվականին ընկերությունը միավորվել է կլինիկական հետազոտական ծառայություններ մատուցող չինական FMD ընկերության հետ։

Հայաստանի գրասենյակի բացումը տեղի է ունեցել 2015 թվականին։ Նույն տարում էլ Յուչի Վեյը կայացրել է Շանհայից Հայաստան տեղափոխվելու բարդ ու պատասխանատու որոշումը՝ մեծապես նպաստելով կազմակերպության հայաստանյան գրասենյակի կայացմանը և այս հարցում օգնելով ընկերության նախկին տնօրեն Կիրիտ Վելանիին: Վեյը մեզ հետ զրույցում համոզմունք է հայտնում՝ այսօր «ClinChoice»-ն իր մատուցած բարձրորակ ծառայություններով նպաստում է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը։ 

Ընկերության գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Աբրահամյանը, ներկայացնելով ընկերության գործունեությունը, այն բնութագրում է որպես գիտահետազոտական ինստիտուտ, որի աշխատակիցները գիտաշխատողներ են՝ մեծ մասամբ բժիշկներ, դեղագետներ, կենսաինժեներներ, քիմիկոսներ, կենսաբաններ և այլն։

«Մենք չենք զբաղվում դեղորայքի մշակմամբ, այլ օգնում ենք դեղարտադրողներին ստուգել իրենց արտադրանքի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Մենք պայմանագիր ենք կնքում դեղագործական կամ բուժպարագաներ արտադրող առաջատար ընկերությունների հետ. իրենք խնդրում են, որպեսզի մենք հսկենք կլինիկական հետազոտությունների արդյունքները կամ էլ ընթացքը: Նաև մատուցում ենք դեղազգոնության ծառայություններ, այսինքն՝ փնտրում ենք գրականության մեջ տվյալ դեղի վերաբերյալ համաշխարհային տարբեր աղբյուրներում գրված տեղեկությունները և ամփոփում ենք տարեկան 1 կամ 2 հատուկ համակարգված գրական ակնարկների տեսքով, որոնք ևս խիստ կարևոր են բժշկական արտադրանքի արդյունավետությունը հսկելու և անվտանգությունը պահպանելու համար»,-մանրամասնում է կազմակերպության գործադիր տնօրենը։

Աբրահամյանը նաև նշում է, որ կլինիկական փորձարկումները մեծ մասամբ Հայաստանում չեն կատարվում. կազմակերպությունն ավելի շատ հսկում է, որպեսզի այդ փորձարկումներն արվեն օրենքի և կանոնակարգավորումների տառին համապատասխան։

Չինաստանի դեսպանության միջնորդությամբ ընկերության աշխատակիցները հնարավորություն են ստանում վերապատրասման ծրագրերի մասնակցել Չինաստանում։ «Մեր ընկերությունը մեծ շեշտադրում է անում մեր աշխատակիցների զարգացման վրա՝ ոչ միայն եկամուտ ստանալու, այլ նաև նրանց կարիերայի աճն ապահովելու իմաստով։ Այդ նպատակով պարբերաբար կազմակերպվում են փոխանակման ծրագրեր։ Դեսպանության աջակցությամբ մեր աշխատակիցները մեկնում են  Չինաստան ու մասնակցում ինչպես մասնագիտական, այնպես էլ մշակութային միջոցառումների»,- նշում է Յուչի Վեյը։ Նա ընդգծում է, որ Չինաստանի դեսպանության հետ իրականացվող երկարաժամկետ այս ծրագրի մասնակիցները անցնող տարիների ընթացքում ոչ միայն ծանոթացել են չինական մշակույթին ու ավանդույթներին, այլև գործնականում մեծ փորձ են ձեռք բերել։ 

«ClinChoice»-ն այս պահին միայն Հայաստանում ունի շուրջ 400 աշխատակից։ Դավիթ Աբրահամյանն ու Յուչի Վեյը նշում են, որ առաջիկայում մտադիր են ընկերության աշխատակիցների թիվը հասցնել 1000-ի։ Իսկ առհասարակ, կազմակերպությունն ամբողջ աշխարհում ունի 4000 աշխատակից ու գրասենյակներ Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Կանադայում, Մեքսիկայում, Լատինական Ամերիկայում և այլուր։

«Հայերը շատ տաղանդավոր են, հատկապես՝ բժշկական ոլորտի մասնագետներ: Իսկ գործունեության մեջ ոլորտում հատկապես կարևոր ու գնահատված են նման մասնագետները, որոնք ունեն բարձրորակ բժշկական կրթություն և տիրապետում են մի քանի լեզուների»,- ընդգծում է Յուչի Վեյը։

Ընկերության տնօրենն ու փոխտնօրենը համոզված են, որ հայաստանյան գրասենյակը առաջիկա տարիներին էլ շարունակելու է արդյունավետ գործունեությունը։ 

Հայերեն Русский 中文

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ