Արծվաթռիչ մատուռը
5 րոպեի ընթերցում

Արծվաթռիչ մատուռը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Արծվաքար թաղամասից 7 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Սևանա լճի ափին, Երևան-Սևան-Մարտունի-Վարդենիս մայրուղու անմիջական հարևանությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես իր «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները» գրքում նշում է հնագետ Գեդեոն Միքայելյանը, Արծվաթռիչ մատուռը գտնվում է Ղումլուխ ամրոցի հարավային թևի ստորոտում։ Անվանի հնագետներ Մեսրոպ Սմբատյանցի, Երվանդ Լալայանի, Սեդրակ Բարխուդարյանի և Գեդեոն Միքայելյանի հետազոտությունների համաձայն՝ Արծվաթռիչ կոչվող մատուռը այն նույն բնակավայրի տարածքում է եղել, որը գտնվել է Ագարակ կոչվող բնակատեղիից մոտ 1 կլիոմետր դեպի հարավ, Ղումլուխ ամրոցի ստորոտում։ Իհարկե, հիմա այդ բնակատեղիի ավերակներից գրեթե ոչինչ պահպանված չէ, բացի այս մատուռից, քանի որ այս տարածքում են նախորդ դարի 30-40-ական թվականներին կառուցվել Արծվաքար գյուղի անասնապահական ֆերմաները։
Մատուռի տարածքում կամ շրջակայքում վիմագիր արձանագրություններ առայժմ չեն գտնվել, իսկ մատուռի ներսում, պատերի մեջ ագուցված վիճակում պահպանված խաչքարերն իրենց պատրաստման ոճով թվագրվում են 13-15-րդ դարերին։ Արծվաթռիչ մատուռը, որը համարվել է արծվաքարցիների սիրված ուխտավայրերից մեկը, մինչև 1970-ական թվականները եղել է կիսավեր վիճակում։ Այն այդ տարիներին վերականգնվել է Արծվաքարի ոչխարաբուծական ֆերմայի վարիչ, արծվաքարցի Լյովա Մխեյանի ջանքերով։
Մատուռի հատակի տապանաքարերից մեկի վրա նկատվում է մեր ժամանակներում արված անվարժ փորագրությամբ մի արձանագրություն, որն, ամենայն հավանականությամբ, հետևյալ բովանդակությունն ունի․ «․․․Եկեղեցին վերանորոգված է»։ Իսկ փորագրության ներքո հավերժության նշանն է, որը, բնականաբար, տապանաքարի վրա քանդակվել է պատրաստման ժամանակ։
Մատուռի բակում, պարիսպներից ներս տեղադրված է երկաթե խաչ՝ մի քանի մետր բարձրությամբ, այնպես, որ այն տանիքից վեր էլ երևա ու տեսանելի լինի բոլոր կողմերից։ Այն տեղադրվել է ընդամենը մի քանի տարի առաջ։
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մատուռի հարևանությամբ անցնող մայրուղին կառուցվել է 1980-ական թվականներին, որի ժամանակ վնասվել են շրջակայքի դամբարանները կամ հնագույն շինությունները։ Այլ խոսքով՝ դժվար է այժմ հետազոտության միջոցով գաղափար կազմել, թե որ դարաշրջանի կառույց կարելի է համարել Արծվաթռիչ մատուռը, քանի որ գրեթե ոչինչ չի պահպանվել նրա շրջակայքի հնավայրերից։ Սակայն մատուռը շրջապատող պարսպի արևմտյան ու հյուսիսային պատերի շարվածքը ենթադրում է, որ այն կառուցվել է շատ ավելի հին ժամանակներում, քան կերտվել են այստեղ տեղադրված խաչքարերը։ Այդպես կարելի է ենթադրել պատերի անշաղախ ու խոշոր քարերի շարվածքից, որոնք հատուկ էին Կիկլոպյան դարաշրջանի կառույցներին։ Բացի այդ, մատուռի հյուսիսային կողմին կից նկատվում է ևս մի կիսավեր շինություն, որի մեջ կա զոհասեղանի նմանվող մի քար։
Մատուռի ներսում, արևմտյան պատի մեջ ագուցված է 13-րդ դարի 1, արևելյան պատի մեջ՝ 3 խաչքար։ Այստեղի խաչքարերից ևս մեկը կերտվել է 13-14-րդ դարերում։ Մատուռի մուտքից աջ, կիսով չափ հողի մեջ, պահպանվել է 14-15-րդ դարի մի խաչքար։ Նույն դարաշրջանի մի խաչքար կա արևելյան պատի մոտ, իսկ հատակը պատված է խոշոր ու հղկված տապանաքարերով։
Մեծ հետաքրքրություն են առաջացնում մատուռի արևմտյան կողմի պատի տակ ընկած և պարսպի հարավարևելյան հատվածում կանգնեցված խաչքարերը, որոնք թեև չունեն արձանագրություն, սակայն, ինչպես հավաստեց վիմագրագետ Սևակ Արևշատյանը, իրենց պատրաստման ոճով կարող են թվագրվել առնվազն մինչև 9-րդ դարով։
Մի բան պարզ է, որ մենք այստեղ գործ ունենք բազմաշերտ հուշարձանի հետ, քանի որ նրա շրջակայքը հարուստ է պատմական այնպիսի հուշարձաններով, ինչպիսիք են Ղումլուխի կիկլոպյան ամրոցը, Սալոյի վանքն ու Ագարակ բնակատեղին, Քանագեղի ամրոց-հնավայրն ու հարուստ դամբարանադաշտը, մի քանի գյուղատեղիներ, ինչպես նաև՝ ժայռերի խորքում բացված քարայր-կացարանները, որոնք օգտագործվել են անհիշելի ժամանակներից մինչև 1970-ական թվականները, երբ Կարմիրգյուղի անասնապահական տնտեսություններն այս քարայրային մեծ սրահներում պահում էին իրենց անասնահոտերը ամռան ու աշնան ամիսներին։
Արծվաթռիչ մատուռը ևս հնագիտական ուսումնասիրության լուրջ կարիք ունի։