Աշխարհ

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

 

Մյանմայի զինվորականները հայտարարել են երկրում ընթացող քաղաքացիական պատերազմը մինչև ապրիլի 22-ը դադարեցնելու մասին: Հրադադարը հայտարարվել է ասիական այդ երկրում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են տարածաշրջանի լրատվամիջոցները: 

«Տեղացի ապստամբների զինված խմբավորումները պետք է ձեռնպահ մնան պետական ​​անվտանգության ուժերի և ռազմակայանների վրա հարձակվելուց, ինչպես նաև նոր ուժերով գրոհի պատրաստվելուց: Հակառակ պարագայում բանակը միջոցներ կձեռնարկի»,- նշվում է Մյանմայի զինված ուժերի գերագույն հրամանատարության տարածած հայտարարությունում:

Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թայիլանդում, Լաոսում և Չինաստանում։ Երկրի իշխանությունները հայտնել են ավելի քան 2000 զոհերի մասին։ Շուրջ 3900 մարդ ստացել է վնասվածքներ, իսկ 270-ը համարվում է անհետ կորած։ Մյանմայում մինչև ապրիլի 6-ը սուգ է հայտարարվել:

2021 թվականի փետրվարի 1-ին Մյանմայում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջում։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Հլայնը ստանձնել է օրենսդիր, գործադիր և դատական ​​իշխանությունը, իսկ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխնախագահ Մյինթ Շվեն։

Զինվորականները հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն և ձերբակալել երկրի նախկին առաջնորդ Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Զինվորականների գործողությունները բողոքի ալիք էին բարձրացրել, որը ռազմական ռեժիմը ճնշել էր: Անկարգությունների ժամանակ զոհվել էին հարյուրավոր մարդիկ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում