Հայաստան

Հայ գերիների հարցով մտահոգությունները փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին. Մանե Թանդիլյան

3 րոպեի ընթերցում

Հայ գերիների հարցով մտահոգությունները փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին. Մանե Թանդիլյան

Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին պատասխանել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հայ ռազմագերիների հարցով բողոքի ակցիայի շրջանակներում ուղարկված նամակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Մարտի 14-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մեր ակցիայի շրջանակներում ուղարկված նամակին ստացել ենք պատասխան Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից, առ այն, որ մեր մտահոգությունները և հաղորդագրությունը փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ, այդ թվում՝ Քաղաքական և խաղաղաշինության հարցերի դեպարտամենտին, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ-ի քարտուղարությանը։

Ի պատասխան՝ մենք հանդիպում ենք խնդրել ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից՝ քննարկելու մեր բարձրացրած հարցերի ընթացքը»,-գրել է Թանդիլյանը։

Կուսակցությունը շարունակում է պահանջել, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները շտապ այց կատարեն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և ներկա գտնվեն նրանց նկատմամբ անցկացվող դատավարություններին։

Մարտի 14-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով, որ միջազգային կառույցները գործնական քայլեր ձեռնարկեն Բաքվում պահվող հայ ռազմագերիների պաշտպանության ուղղությամբ։

Ակցիայի մասնակիցները շեշտել էին, որ դատավարությունները Ադրբեջանում իրականացվում են փակ և ոչ թափանցիկ պայմաններում, իսկ միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, սահմանափակվում են հայտարարություններով։ Մանե Թանդիլյանը կոչ էր արել ՄԱԿ-ին իրագործել իր մանդատը՝ ներկա գտնվել դատավարություններին և զեկույց ներկայացնել գերիների առողջական վիճակի ու իրավունքի խախտումների մասին։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՄԱԿ-ի ներկայացուցիչների անհապաղ այց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, նրանց մասնակցությունը Բաքվում անցկացվող դատավարություններին՝ թափանցիկությունն ապահովելու նպատակով, միջազգային հանրության ճնշում Ադրբեջանի վրա՝ ռազմագերիների իրավունքների խախտումները դադարեցնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում