Քաղաքականություն

Նիլս Ուշակովսն ու Միրիամ Լեքսմանը ողջունել են Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծի ընդունումը

2 րոպեի ընթերցում

Նիլս Ուշակովսն ու Միրիամ Լեքսմանը ողջունել են Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծի ընդունումը

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Նիլս Ուշակովսը և Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը համատեղ հայտարարություն են տարածել՝ ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի կողմից  Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխացմամբ՝ հայտարարւթյան մեջ նշված է, որ սա արդեն հաստատուն կապերի համատեքստում ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար։ 

«Մենք ողջունում և այս որոշումը դիտարկում ենք որպես մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական ճանապարհի նկատմամբ Հայաստանի հաստատակամ պարտավորության ևս մեկ հստակ արտահայտություն», -ասված է հայտարարության մեջ: 

Եվրոպական միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած եվրոպական պետություն կարող է դիմել ԵՄ անդամակցություն ստանալու համար, եթե այն համապատասխանում է Կոպենհագենի չափանիշներին, ժողովրդավարության սկզբունքներին, հարգում է մարդու և փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաև ապահովում է օրենքի գերակայությունը։    

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավարն ու Հայաստանի հարցերով զեկուցողը նշել են, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման հարցում և նրա դիմադրողականությունն ամրապնդելու գործում՝ հենվելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վրա: 

Հայաստանի խորհրդարանը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում