Հանրապետությունում շրջանառվում են գրիպի Բ տեսակի հարուցիչները․ մասնագետը հորդորում է պատվաստվել

4 րոպեի ընթերցում

Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։ Այն պայմանավորված է մի քանի գործոնով՝ վիրուսների առանձնահատկություններ, փակ տարածքներում մարդկանց կուտակումներ, վիրուսների փոխանցման մեխանիզմներ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը նշեց, որ աշխարհի բազմաթիվ երկրներում ևս սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված է։ 

Տիկին Գրիգորյան, կարմրուկի, գրիպի, սուր շնչառական վարակների առումով  համաճարակային ի՞նչ իրավիճակ է այժմ Հայաստանում:

Հայաստանում 2025 թվականին կարմրուկի դեպքեր չեն գրանցվել: Ինչ վերաբերում է գրիպին և սուր շնչառական վարակներին, ապա նախորդ շաբաթվա ընթացքում շարունակվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառվում են գրիպի Բ տեսակի հարուցիչները, իսկ շնչառական այլ վարակներից՝ ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսի հարուցիչը:

Իսկ ի՞նչ իրավիճակ է աշխարհում:

Աշխարհում կարմրուկի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված է: 2024 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է կարմրուկի 359 հազար 521 դեպք: ԱՀԿ-ն հայտնում է եվրոպական տարածաշրջանում վերջին 25 տարում կարմրուկի ամենաշատ դեպքերի գրանցման մասին: Միայն 2023 թվականին տարածաշրջանում 500 հազար երեխա բաց է թողել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Այս առումով մեր երկրում վիճակը կայուն է, սակայն իրազեկման աշխատանքները շարունակում ենք:

Արդեն գարուն է, սակայն, ինչպես ասացիք, շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը։ Ինչո՞վ է պայմանավորված, նաև՝ ի՞նչ է պետք անել վիրուսներից խուսափելու համար:

ՍՇՎ-ների սեզոնի ժամանակահատվածում, բնականաբար, մեծանում է հիվանդանալու հավանականությունը։ Այն պայմանավորված է մի քանի գործոնով՝ վիրուսների առանձնահատկություններ, փակ տարածքներում մարդկանց կուտակումներ, վիրուսների փոխանցման մեխանիզմներ։

Ի վերջո, կարմրուկի և սեզոնային գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի, ինչպես նաև կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր ոք, ով չի պատվաստվել, կարող է դիմել պոլիկլինիկա/ամբուլատորիա և պատվաստվել:

Ո՞րն է առողջապահության նախարարության մասնագետների խորհուրդը, հորդորը, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվեն:

Պատվաստվե՛ք կարմրուկի և սեզոնային գրիպի դեմ, խուսափե՛ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե՛ք եղանակին համահունչ, պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները, հետևե՛ք անձնական հիգիենայի կանոններին։

Հայերեն

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել