Եվրոպա

ԵՄ-ն կշարունակի չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները. Կալաս

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կշարունակի չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները. Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, չնայած երկրում սկսված բռնություններին, որոնց հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ են սպանվել կառավարամետ զինյալների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Սա շատ դժվար քննարկում է: Մենք կցանկանայինք տեսնել և տեսնում ենք, որ Սիրիայի իշխանությունները պատասխանատվության են ենթարկում այն անձանց, որոնք իրականացրել են այդ բռնությունները… Մենք կշարունակենք պատժամիջոցների չեղարկումը», - Կալասը Բրյուսելում ասել է լրագրողներին:

Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերացումը նպաստում է բնակչությանը հիմնական ծառայությունների ցուցաբերմանը, այդ թվում՝ ապահովում է հասանելիությունը բանկային հատվածին։ 

«Մենք այդ ամենը կքննարկենք, բայց հենց հիմա մենք առաջ ենք շարժվում պատժամիջոցների չեղարկման ճանապարհով», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Եվրամիությունը, որը երկար տարիներ բոյկոտ է հայտարարել Բաշար ալ Ասադի կառավարությանը, ակտիվ երկխոսություն է վարում Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Փետրվարի վերջին Եվրամիությունն սկսեց չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ վերացնելով մի շարք սահմանափակումներ էներգետիկայի, տրանսպորտի և բանկային ոլորտներում։ Չեղարկվել է նաև ԵՄ երկրներից Սիրիա անձնական օգտագործման համար լյուքս դասի իրերի ներմուծման արգելքը։ ԵՄ-ում խոստացել են շարունակել այլ պատժամիջոցների գնահատումը, որոնք նույնպես կարող են չեղարկվել ապագայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում