Հայաստանն ու Ֆրանսիան աշխատում են ավանդաբար ջերմ հարաբերությունները լրացնել կոնկրետ համագործակցության ուղղություններով
2 րոպեի ընթերցում

Հայաստանը 2024 թվականի ընթացքում շարունակել է շատ դինամիկ խորացնել և ընդլայնել Ֆրանսիայի հետ հարաբերությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ ներկայացնելով կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ համագործակցությանը՝ Միրզոյանն առանձնացրեց հատկապես Ֆրանսիայի հետ համագործակցությունը:
«Ֆրանսիայի հետ հարաբերությունները 2024-ի ընթացքում շարունակել ենք շատ դինամիկ խորացնել և ընդլայնել»,-ասաց ԱԳ նախարարը:
Միրզոյանը հիշեցրեց, որ անցած տարվա ընթացքում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեք այց Ֆրանսիա, ևս երեք անգամ հանդիպում է տեղի ունեցել բազմակողմ հարթակներում: Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ևս 3 հանդիպում են ունեցել: Տեղի են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների փոխադարձ այցեր:
Անդրադառնալով Ֆրանսիայի հետ հարաբերությունների մասով տրամադրվածությանը՝ Միրզոյանն ասաց.
«Մենք աշխատում ենք արդեն իսկ գոյություն ունեցող և ավանդաբար շատ ջերմ հարաբերություններն այժմ լրացնել շատ կոնկրետ ծրագրերով, կոնկրետ համագործակցության ուղղություններով: Որոշներն արդեն տեսանելի են, որոշները, հուսամ, տեսանելի կդառնան շատ մոտ ապագայում»: