Փոդքասթ

Podcast. Սփյուռքը պետք է դիտարկել որպես ամուր ձեռք, այլ ոչ թե միայն օգնող միջոց

4 րոպեի ընթերցում

Podcast. Սփյուռքը պետք է դիտարկել որպես ամուր ձեռք,  այլ ոչ թե միայն օգնող միջոց

Հայագետ, սփյուռքագետ Կրիստինա Ալեքսանյանի նախնիները Կոստանդնուպոլսից են։ Նրանք Հայոց ցեղասպանության տարիներին գաղթել են Հունաստան, իսկ Հայրենական մեծ պատերազմից հետո՝ Հայաստան։  

«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում Կրիստինա Ալեքսանյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, հայրենիք-սփյուռք կապի արժևորման և այլ թեմաներից։    

Նա իր մասնագիտության ընտրությունը համարում է գենետիկ նախատրամադրվածություն, քանի որ հայաճանաչությունը և հայագիտությունը մշտապես եղել են նրա ուշադրության կենտրոնում։   

«Մասնագիտությունը և աշխատանքը դիտարկում եմ ոչ միայն գումար վաստակելու աղբյուր, այլ՝ ապրելակերպ։ Կարող եմ ասել, որ հայագետի մասնագիտությունը ինձ համար հենց այդպիսին է։ Առաջնորդվում եմ հետևյալ փիլիսոփայությամբ․ ՀՀ տարածքում մենք մեր ընտանիքի արտացոլանքն ու դիմագիծն ենք, իսկ ՀՀ սահմաններից անդին մեր ազգի, մեր երկրի դիմագիծն ու արտացոլանքը։ Ուստի ես չեմ զբաղվում հայագիտությամբ, այլ զբաղվում եմ հայաճանաչությամբ։ Առաջինը ինքներս մեզ պիտի ճանաչենք, գիտակցենք մեր ազգային արժեքները, ապա նոր դրանք փոխանցենք»,- նշում է նա։    

Անդրադառնալով սփյուռքի համայնքներին՝ նա իր համար առանձնացրել է Պոլսի հայ համայնքը, որին կապված է արմատներով։  

«Ինձ հետաքրքրում են սփյուռքի բոլոր համայնքները։ Այլ երկրների օրինակներին նույնպես հետևում եմ՝ զուգահեռներ անցկացնելով մեր սփյուռքի կարգավիճակի հետ։ Պոլսի հայ համայնքը առանձնանում է նրանով, որ Թուրքիայի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Եվ այսօրվա իրականությունը, որ հայը սփռված է աշխարհով մեկ, հենց այդ երկրի հետ պատմական անցյալի պատճառով է»,- ասում է Ալեքսանյանը։  

Նրա դիտարկմամբ՝ սփյուռքի բոլոր համայնքներում կա ինքնության պահպանման խնդիր։

«Կլինի Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում, թե Պոլսում, առկա է կրթության, լեզվի, կրոնի պահպանման խնդիր։ Պոլսում գործում է 17 դպրոց, որոնցից 16-ը գրանցված են տեղի կառավարության կողմից։ Այս 16 դպրոցներում կրթական պրոցեսն իրականացվում է թուրքերենով, բացառապես երկու առարկաների՝ կրոնի և հայոց լեզվի։ Հրանտ Դինքի անվան վարժարանը, որը 9-ամյա է, գրանցված չէ, և կրթական պրոցեսն այնտեղ իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատված չափորոշիչներով։ Այս վարժարանում հիմնականում ուսանում են Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածների երեխաները»,- նշում է նա։   

Անդրադառնալով ինքնության պահպանմանը՝ Ալեքսանյանը նշեց, որ լեզուն պահպանելու գործում մեծ դեր ունի ներհամայնքային կյանքը։   

«Ներհամայնքային կյանքն ամբողջությամբ կենտրոնացած է եկեղեցու շուրջ, որը գլխավորում է հոգևոր առաջնորդ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանը։ Պատրիարքարանը տեղակայված է Ստամբուլի Գում Գափու թաղամասում։ Բացի առաքելական եկեղեցիներից, կան հայ կաթողիկե և հայ ավետարանական եկեղեցիներ։ Համայնքի խնդիրները, կրթօջախների ծախսերը իրականացվում են բարերարների հանգանակություններով։ 

Իմ ցանկությունը մեկն է՝ սփյուռքը դիտարկել ամուր ձեռք, այլ ոչ թե միայն օգնող միջոց։ Այն հզոր մարդկային ռեսուրս է, որը նպատակին պետք է ճիշտ ծառայեցնել։ Յուրաքանչյուրս ռազմավարական նշանակություն ունենք մեր հայրենիքի համար»,-եզրափակել է նա։  

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում