Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ 

Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար: 

«Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ, և այս համատեքստում մենք կարևորում ենք ԱՄՆ-ի նման գործընկերների անգնահատելի դերը այս նպատակներին հասնելու համար», - նշել է Գևորգ Պապոյանը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը, դեղագործությանը, գյուղատնտեսությանն ու պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։

Ընդգծելով հայկական կողմի հետաքրքրվածությունը ամերիկյան շուկայով և կարևորելով այդտեղ հայկական գինիների ճանաչելիության բարձրացումն ու առաջմղումը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել ամերիկացի լրագրողների և ինֆլուենսերների այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան։ 

Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրին և տնտեսության ոլորտում առկա ներդրումային լայն հնարավորություններին։ 

Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել են տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում