Տնտեսություն

Ինչ տնտեսական արդյունքներ կարող է տալ Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. ներկայացնում է նախարարը

3 րոպեի ընթերցում

Ինչ տնտեսական արդյունքներ կարող է տալ Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. ներկայացնում է նախարարը

Լավ աշխատանքի դեպքում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը կարող է օգնել ամերիկյան շուկաներում հայկական արտադրանքի դիրքավորմանը, մրցունակության բարձրացմանը, ԱՄՆ-ից Հայաստան ներդրումների ներգրավմանը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով վերջերս ստորագրված փաստաթղթին: 

Հարցին, թե տնտեսական ոլորտում ի՞նչ կոնկրետ պայմանավորվածություններ, նախագծեր կան ԱՄՆ-ի հետ՝ Պապոյանը պատասխանեց, որ ամենակարևոր քննարկումներից մեկն առաջին հերթին Հայաստանի տնտեսությանը շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման մասին է: «ԱՄՆ-ի տեսանկյունից Հայաստանը շուկայական տնտեսություն չունեցող երկիր է: Սա այն պատճառով չէ, որ շուկայական տնտեսություն չունենք, այլ այն պատճառով է, որ այդ ուղղությամբ երկար տարիներ ոչ մի աշխատանք չի տարվել: Իսկ այնտեղ շատ մեծ «տնային աշխատանք» կա անելու»,-ասաց նա: 

Պապոյանն ակնկալում է, որ այդ ռազմավարական համագործակցությունը տնտեսական մասով նախ այդ առավելությունը կտա Հայաստանին:  

«Երկրորդը՝ մենք հիմա D խմբում ենք, կկարողանանք տեղափոխվել B խումբ: Որքան առաջ խմբում ես, այնքան ԱՄՆ տեխնոլոգիաներին հասանելիություն ունես: Օրինակ՝ IT ոլորտում մեր կազմակերպությունները, եթե անգամ գումար ունեն, իրավունք չունեն ամերիկյան ինչ-որ տեխնոլոգիաներ գնել, քանի որ գտնվում ենք D խմբում: Այսինքն՝ որոշակի տեխնոլոգիաների հասանելիության խնդիր կա: Եվ ես հույս ունեմ, որ մենք այդ դաշտում ևս կաշխատենք»,-ասաց նախարարը:

 «Լավ աշխատելու դեպքում պետք է օգնի, որ ամերիկյան շուկաներում դիրքավորվենք, մեր արտահանումն ուժեղացնենք, հայկական ապրանքների մասին տեսանելիությունը մեծացնենք, մրցունակությունը բարձրացնենք և ԱՄՆ-ից ներդրումներ բերենք»,–ասաց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ ակնկալվում է ավելի սերտ համագործակցություն մինչև այժմ չլուծված ֆունդամենտալ հարցերի շրջանակում:

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14-ին Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեցին: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում:
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում