Հայաստան

Քաղաքաշինության ոլորտի մոտ 100 մասնագետ ստացել է շարունակական մասնագիտական զարգացման վկայական

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության ոլորտի մոտ 100 մասնագետ ստացել է շարունակական մասնագիտական զարգացման վկայական

Քաղաքաշինության ոլորտի մոտ 100 մասնագետ ստացել է վկայական Քաղաքաշինության կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցությամբ կազմակերպված շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների շրջանակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քաղաքաշինության կոմիտեն։ 

Վկայականները հանձնել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը։ Նրանք շնորհավորել են մասնակիցներին՝ մաղթելով հաջողություն մասնագիտական գործունեության ընթացքում։ 

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը կարևորել է մասնակիցների հետադարձ կապը՝ ծրագրերի բարելավման, թիրախային և մասնագետների կարիքներին համապատասխան դասընթացներ կազմակերպելու առումով։ «Շարունակական կրթության միջոցով մասնագետները կկատարելագործեն հմտությունները, գիտելիքները, կծանոթան նոր տեխնոլոգիաների, թվային մեթոդների կիրառությանը՝ բոլոր ժամանակներում լինելով պահանջված մասնագետներ։ Արդյունքում քաղաքաշինության ոլորտում կունենանք նոր որակ և մասնագիտական ներուժ»,-ընդգծել է Դավիթ Գրիգորյանը։

Վկայական ստացած 92 մասնագետները մասնակցել են «Շինարարական նյութերին ներկայացվող պահանջները», «Քաղաքաշինության բնագավառի օրենսդրություն․ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման գործընթացի առանձնահատկությունները» և «Որակի տեխնիկական հսկումը շինարարությունում» թեմաներով դասընթացներին, որոնց վերաբերյալ համալսարանի ներկայացրած առաջարկը հաստատվել էր Քաղաքաշինության կոմիտեի որակավորման հանձնաժողովի կողմից։  «Բացի այդ, համալսարանը կազմակերպել է նաև վերաորակավորման ծրագիր քաղաքաշինության ոլորտում ստացած կրթության և աշխատանքային փորձի տարբերություն ունեցող մասնագետների համար։ Արդյունքում վերաորակավորված 12 մասնակիցները ստացել են աշխատանքային փորձին համապատասխան ոլորտում հավաստագիր ձեռք բերելու և որպես պատասխանատու մասնագետ կազմակերպություններում ընդգրկվելու հնարավորություն»,-նշել է ՃՇՀԱՀ շարունակական կրթության պատասխանատու Լուսինե Հարությունյանը։

Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող լիցենզավորման նոր գործընթացի համաձայն՝ շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների մասնակցությունը և կրեդիտների կուտակումը պարտադիր է քաղաքաշինության բնագավառի հավաստագիր ստանալու դիմող մասնագետների համար։ Հավաստագրի յուրաքանչյուր կարգի համար սահմանված է տեսական և գործնական կրեդիտների հստակ քանակ։

Կոմիտեի կայքում արդեն հրապարակվել են առաջիկա ՇՄԶ միջոցառումների ժամանակացույցները, որոնց գրանցվելու համար մասնագետները պետք է դիմեն կազմակերպիչներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում