Ճապոնիայի պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի
2 րոպեի ընթերցում
![Ճապոնիայի պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/17LWVHI7Ckx1hxA4DE5LuwsxHnrC2qtMLzMlMNPL.webp)
Ճապոնիայի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ ավելացել է և հասել երկրի պատմության մեջ ամենաբարձր մակարդակի՝ կազմելով գրեթե 1317 տրիլիոն իեն (ընթացիկ փոխարժեքով գրեթե 8,7 տրլն դոլար)։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը։
Պարտքի գումարը 2023 թվականի վերջի դրության համեմատ ավելացել է 31,8 տրլն իենով (ավելի քան 205 մլրդ դոլար)։
Ինչպես նշում է Kyodo լրատվական գործակալությունը, Ճապոնիայի ներկայիս կառավարությունը հազիվ թե կարողանա կրճատել պարտքը, քանի որ չունի մեծամասնություն պետական բյուջեն հաստատող խորհրդարանի ստորին պալատում և ճնշման է ենթարկվում ընդդիմության կողմից, որը պահանջում է նվազեցնել հարկերը և ընդլայնել, մասնավորապես, կրթության ծախսերը։
Ճապոնիայի բյուջեի դեֆիցիտն այս ֆինանսական տարում (2024 թ. ապրիլ–2025 թ. մարտ) կազմում է 34,95 տրլն իեն (գրեթե 230 մլրդ դոլար): Այն ծածկվում է պետական պարտատոմսերի թողարկման հաշվին։ Դրանց գումարը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է, սակայն Ճապոնիայի բյուջեի կախվածությունը պարտքային պարտավորություններից նախկինի նման մնում է մոտ 30%-ի մակարդակում: Երկրի պետական պարտքն ավելի քան կրկնապատիկ գերազանցում է ազգային ՀՆԱ-ն։ Միևնույն ժամանակ պետական պարտատոմսերի ճնշող մեծամասնությունը գտնվում է ճապոնական իրավաբանական և ֆիզիկական անձանց ձեռքին, ինչը նվազեցնում է դեֆոլտի վտանգը: