Հայաստան

Տվյալ պատգամավորի մի շարք արարքներում առկա են ոչ իրավաչափ վարքագծի հատկանիշներ. ՄԻՊ գրասենյակն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի հայտարարությանը

8 րոպեի ընթերցում

Տվյալ պատգամավորի մի շարք արարքներում առկա են ոչ իրավաչափ վարքագծի հատկանիշներ. ՄԻՊ գրասենյակն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի հայտարարությանը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտապես արձանագրել և բարձրաձայնել է քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և իրավապաշտպանների բարձրացրած խնդիրներին։

Նա ընդգծել է, որ ՄԻՊ-ը իրականացրել է մշտադիտարկման այցեր, հրապարակել է զեկույցներ և կազմակերպել քննարկումներ՝ ոլորտի խնդիրները վերհանելու և լուծման ուղիներ առաջարկելու նպատակով։

-Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և մի խումբ իրավապաշտպաններ մտահոգություն են հայտնել վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկներում գրանցված մահվան և ինքնասպանության դեպքերի աճի վերաբերյալ։ Արդյոք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մտահոգիչ չի համարում պատգամավորի և իրավապաշտպանների բարձրացրած խնդիրը և ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՝ այս իրավիճակը կանխարգելելու և համակարգի բարելավման ուղղությամբ։

-Մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն մտահոգիչ է համարում քրեակատարողական հիմնարկներում նշված իրավիճակը, այլ ամենօրյա ռեժիմով հենց ինքն է խոսում խնդիրների մասին՝ որոշ խնդիրների պարագայում լինելով դրանք առաջինը բարձրաձայնողը։ Ավելին, այդ հարցերի առնչությամբ Պաշտպանը նաև վերջին ժամանակահատվածում է հանդես եկել բազմաթիվ հրապարակային հայտարարություններով, անձնապես է իրականացրել մշտադիտարկման այցեր ազատությունից զրկման վայրեր, մի շարք չքննարկված խնդիրներ հասանելի է դարձրել նաև զանգվածային լրատվության միջոցներին: Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովում յուրաքանչյուր տարի, այդ թվում՝ 2024 թվականին, ներկայացրել է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցը, որում մանրամասն արձանագրվել և վերլուծվել են ոլորտի հիմնախնդիրները և ներկայացվել են դրանց լուծման առաջարկները: Սա հանդիսանում է նշված հարցերի քննարկման առանցքային ձևաչափերից մեկը, որին, պետք է արձանագրել՝ ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցում։ Հարկ ենք համարում ընդգծել, որ տարվա ընթացքում վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Պաշտպանի կողմից պարբերաբար կազմակերպվել են քննարկումներ: Ազատությունից զրկման վայրերում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերի հետ կապված հենց Մարդու իրավունքների պաշտպանն է հաղորդում ներկայացրել, ինչի արդյունքում այժմ առկա են նաև քրեական վարույթներ: Բացի այդ, ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համակարգային և Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքներով, ամենօրյա ռեժիմով լուծում են ստանում հենց Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում: Ավելին, այժմ հրապարակային քննարկվող խնդիրների մեծ մասը նույնիսկ հասանելի չի եղել և չէր էլ կարող լինել դրանք այսօր հրապարակային քննարկող դերակատարներին` մինչև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարբեր ձևաչափերով դրանք հրապարակային դարձնելը, քանի որ նման բնույթի խնդիրներն արձանագրելու լայն մանդատ և հնարավորություն ունի հենց Մարդու իրավունքների պաշտպանը: 

-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ իր հրապարակումը վրդովեցրել է Մարդու իրավունքների պաշտպանին, և վերջինս փորձել է լռեցնել իրեն՝ հղում անելով Քրեական օրենսգրքին։ Կարո՞ղ եք հստակ նշել, թե գրառման որ հատվածում է ՄԻՊ-ը տեսել Քրեական օրենսգրքի խախտում և ի՞նչ հատկանիշներով։

-Նախ շեշտադրենք, որ պատգամավորի ձևակերպումներից մեկին արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ։ Արձագանքը վերաբերել է պատգամավորի բացառապես այն մտքին, որ «Սույն անձնավորությունը (ի նկատի ունի Մարդու իրավունքների պաշտպանին) որևէ քայլ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու, ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը վերանայելու ուղղությամբ»: Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների բարձրաձայնմանն ուղղված այլ մտքերը, հակառակը, գովելի են։

Ինչ վերաբերում է իրավական պատասխանատվության գաղափարին, ապա հարկ է նշել, որ այդ մասին գրեթե չենք խոսում՝ չնայած քրեական օրենսդրությունը շատ լուրջ պաշտպանություն է նախատեսում Մարդու իրավունքների պաշտպանի և նրա ներկայացուցիչների համար։ Միևնույն ժամանակ, կարևոր է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանն առնչվող՝ տվյալ պատգամավորի մի շարք արարքներ՝ իրենց ամբողջության մեջ, հիմք են տալիս եզրակացնելու, որ դրանցում առերևույթ առկա են ոչ իրավաչափ վարքագծի հատկանիշներ, ինչը կարող է հանգեցնել ընդհուպ իրավական պատասխանատվության։ Մանրամասների մասին այս պահին հարկ չենք համարում խոսել հրապարակային եղանակով։ 

Այս համատեքստում հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում Մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա անունից հանդես եկող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու, Մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա անունից հանդես եկող անձի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի, Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա ծառայողական գործունեության հետ, վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Ընդ որում՝ այս խնդիրների և դրանց համար պատասխանատվության մեխանիզմների գործադրման կարևորության մասին խոսել է նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ հրապարակային հայտարարության տեքստում։ Վերջինիս համատեքստում էլ ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ քաղաքական ճնշումների ոչ իրավաչափությունը։ 

Կարևոր ենք համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հանրային, այդ թվում՝ օրենսդիր իշխանություն իրականացնող յուրաքանչյուր ոք բավարար տեղեկատվություն ունենա նաև այս չափանիշների և ոլորտին վերաբերելի ՀՀ օրենսդրության մասին՝ հետագա անախորժ, ոչ իրավաչափ և պատասխանատվության հանգեցնող իրավիճակներից խուսափելու համար։ ՄԻՊ աշխատակազմն իր մանդատի շրջանակներում պատրաստ է աջակցել յուրաքանչյուր գործընկերոջ վերապատրաստման այդ պրոցեսներում։

Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ տվյալ հարցի վերաբերյալ այլևս չենք ունենալու որևէ հրապարակային արձագանք։ 

Հավելենք, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո:

Ավելին, պատգամավորները ևս հանդիսանում են պետական իշխանության կրողներ, և պարտավոր են նաև իրենց գործիքակազմերով (օրենսդրական նախաձեռնություն, խորհրդարանական լսումներ և այլն) նպաստել առկա խնդիրների լուծմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում