Քաղաքականություն

ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագծի վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռևս քննարկում չի ունեցել. Հայկ Մամիջանյան

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագծի վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռևս քննարկում չի ունեցել. Հայկ Մամիջանյան

Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռևս չի կարող դիրքորոշում հայտնել Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ, քանի որ այդ հարցը խմբակցությունում դեռևս չի քննարկվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցության ունեցած դիրքորոշման մասին հարցին։  

Պատասխանելով հարցին, թե արդյոք «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ կքվեարկի՞ այդ նախագծին՝ Մամիջանյանը նշեց, որ խմբակցությունում այդ հարցը դեռևս չի քննարկվել։  

«Երբ որ հարցը փաստացի գա հասնի լիագումար նիստին, Հանրապետական կուսակցության խմբակցությունը, բնականաբար, իր դիրքորոշումը կհայտնի։ Բայց ես ակնկալում եմ, որ դրա նախաձեռնող քաղաքական միավորները ժողովրդի հետ կլինեն անկեղծ և կասեն, որ Եվրոպական միությունից՝ բացառությամբ մի քանի պատգամավորի, փաստացի որևէ դրական արձագանք չի եղել»։ 

Նա նկատեց, որ Հայաստանին որևէ մեկը դեռ ԵՄ չի հրավիրել։ Նրա դիտարկմամբ՝ եթե ուսումնասիրվեն ԵՄ-ի բոլոր հրապարակային և ներքին փաստաթղթերը, որտեղ վերլուծվում են հավանական անդամության երկրները, ապա կերևա, որ Հայաստանն այդ վերլուծություններում չկա։

Հայկ Մամիջանյանը կառավարությանը հորդորեց անկեղծ լինել հասարակության հետ և բացատրել ողջ ճշմարտությունը։

«Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, երբ հարցը հասնի լիագումար նիստին, խմբակցությունն անպայման իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում