Տնտեսություն

Հայաստանն ունի բավականին կայուն մակրոտնտեսական միջավայր. տնտեսագետ

9 րոպեի ընթերցում

Ցանկացած տնտեսության արդյունավետության գնահատման հիմնական և առանցքային գործոններից է նրա մրցունակությունը: Ինքնին հասկանալի է, որ արտադրած ապրանքների և առաջարկվող ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկը վկայում է մրցունակության բարձր աստիճանի մասին: Այս առումով որքանո՞վ է մրցունակ Հայաստանի տնտեսությունը: Կարևորագույն այս հարցի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանի հետ: 

- Որքանո՞վ է մրցունակ Հայաստանի տնտեսությունը: Որո՞նք են դա պայմանավորող գործոնները:

- Տնտեսության մրցունակության մասին խոսելիս՝ նախ կարևոր է հասկանալ, թե ինչ կարող ենք առաջարկել արտաքին աշխարհին և համաշխարհային տնտեսությանը ու ինչով կարող ենք հետաքրքիր լինել այլ երկրների համար: 

ՀՀ տնտեսության մրցունակությանն անդրադարձող հիմնական գործոններն են մակրոտնտեսական կայունությունը, ենթակառուցվածքները, ապրանքային և աշխատանքի շուկան:  

Մակրոտնտեսական կայունության դերը կարևորվում է հատկապես այն տեսանկյունից, որ այն նպաստում է տնտեսության վերաբերյալ առաջացած պատկերացումների շուրջ ձևավորվող անորոշությունների վերացմանը ու նաև որոշում կայացնելու հնարավորություն է տալիս ներդրումներ իրականացնողներին: Այն ազդում է տվյալ երկրի ապրանքների մրցունակությանը: 

Մակրոկայունությանն անդրադառնալիս՝ կրկին պետք է ընդգծենք Հայաստանի տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը: Դրա դրական դրսևորումն առաջին երկու տարիներին նպաստեց նաև երկնիշ տնտեսական աճի գրանցմանը և, ընդհանրապես, նշանակալի զարգացման: Արձանագրվեց նաև այդ ժամանակահատվածում ՀՀ տնտեսության համար կարևոր խնդիր համարվող պետական պարտքի ցուցանիշի էական նվազում, կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշն իջավ ռիսկային մակարդակից ու հաջորդող ժամանակահատվածում նույնպես ունեցանք բավականին տպավորիչ պատկեր: Այդ ժամանակահատվածում դա նպաստեց մակրոկայունության պահպանմանը:

Ներկայում նույնպես ունենք բավականին կայուն մակրոտնտեսական միջավայր, ինչը որոշ չափով վերահսկում է տնտեսության վերաբերյալ առաջացած հնարավոր անորոշությունները: Այս առումով կարևոր եմ համարում նշել, որ 2023 և 2024 թվականներին երկրի մակրոկայունությանը՝ ներքին տնտեսության վրա ազդեցության, ինչպես նաև արտաքին աշխարհում ՀՀ տնտեսության դիրքերի տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցավ նաև ոսկու վերաարտահանման գործոնը: ՀՀ տնտեսության վրա դրա ազդեցությունը սկսեց նկատվել 2023 թվականի փետրվարից, բայց գագաթնակետին հասավ նույն տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Հաջորդող ժամանակահատվածում ոսկու գործոնի ազդեցությունն աստիճանաբար նվազել է, սակայն, այնուամենայնիվ, էական է եղել ինչպես ներքին տնտեսության վրա ազդեցության, այնպես էլ արտաքին աշխարհում Հայաստանի մրցունակության որոշակի փոփոխման տեսանկյունից:

Կարևոր է նշել, որ 2025 թվականը որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ նախորդ ժամանակահատվածում տնտեսական բարձր աճի ապահովմանը նպաստած գործոնների ազդեցությունը նվազել է՝ թուլացնելով զարգացման նման տեմպի պահպանման ակնկալիքը: Բացի այդ, խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ 2025-ին Հայաստանն ունի պարտքի մարման բավականին մեծ ծավալ:

- Ինչպիսի՞ն է պատկերը տնտեսության մրցունակությունը պայմանավորող մյուս գործոնների առումով: 

- Համաշխարհային շուկայում երկրի մրցունակության կարևորագույն գործոններ են արտահանումը և երկրի արտաքին առևտրի մրցունակությունը: Ինչպես նշեցի, Հայաստանի տնտեսությունում 2023-24 թվականներին դրսևորվեց ոսկու վերաարտահանման գործոնը: Իսկ ընդհանրապես, Հայաստանը հիմնականում արտահանում է թանկարժեք մետաղներ, դրանցից ստացված պատրաստի արտադրանք, ոչ թանկարժեք մետաղներ, մանածագործական արտադրանք, բուսական և կենդանական ծագման ապրանքներ: 

Երկրի տնտեսական մրցունակության բարձրացման առումով առաջնային նշանակություն ունի արտաքին առևտրի դիվերսիֆիկացումը, արտահանման նոր շուկաների յուրացումը: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել արտադրանքի համապատասխանությունը միջազգային շուկայում ընդունված որակային և այլ չափանիշներին: 

Մեր տնտեսության կարևորագույն խնդիրներից ու միջազգային առևտրում ներգրավվելու հիմնական խոչընդոտներից է լոգիստիկան, որը նույնպես էականորեն ազդում է համաշխարհային շուկայում մեր ապրանքների մրցունակությանը՝ դրանք դարձնելով ավելի թանկ, հետևաբար՝ պակաս մրցունակ այլ երկրների արտադրանքի համեմատ:  

Մրցունակությանը նպաստող կարևոր գործոններից են նաև աշխատանքի շուկայում տեղի ունեցող տեղաշարժերը: Այս առումով Հայաստանի աշխատանքի շուկայի կառուցվածքի վրա էապես ազդել են 44-օրյա պատերազմի և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով տեղի ունեցած փոփոխությունները, աշխատանքի շուկայում առաջացած լարվածությունը, որը պայմանավորված է արցախցիներին աշխատանքի տեղավորելու հետ կապված որոշ դժվարություններով: Տրամաբանական է, որ նախորդող ժամանակահատվածն այս տեսանկյունից նույնպես որոշ չափով անդրադարձել է մրցունակության վրա: 

- Որո՞նք են Հայաստանի տնտեսության առավել մրցունակ ճյուղերը միջազգային ասպարեզում:

- Հայաստանի ապրանքային կառուցվածքում ներկայում առաջնային դիրքեր են զբաղեցնում թանկարժեք մետաղներից ստացված պատրաստի արտադրանքը, ոչ թանկարժեք մետաղները, մանածագործական արտադրանքը, բուսական և կենդանական ծագման ապրանքները, որոնք հիմնականում արտահանում ենք գործընկեր երկրներ՝ ԱՄԷ, Ռուսաստան, Չինաստան և այլն: Սա նշանակում է, որ Հայաստանում արտադրված այս ապրանքներն առավել մրցունակ են, քանի որ պահանջված են արտասահմանում:

- Հայաստանի տնտեսության մրցունակության աճին որքանո՞վ է նպաստում IT ոլորտը:

- Վերջին ժամանակահատվածում այդ ոլորտի զարգացմանը միտված բազմաթիվ միջոցառումներ են մշակվում: Ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունը, կարծես, գնում է միասնականացման, բազմաթիվ երկրներում շեշտը դրվում է բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով արտադրական գործընթացի դյուրացմանը և տնտեսության արդյունավետության բարձրացմանը: Հայաստանը ձգտում է հետ չմնալ այս միտումից՝ նշանակալիորեն բարձրացնելով նշված ոլորտի դերակատարումը տնտեսությունում: Առնվազն աշխատանքի շուկայում այս ոլորտի դերակատարումը նկատելի է, թեկուզ՝ աշխատավարձերի առումով:

- Ի՞նչ է պահանջվում Հայաստանի տնտեսությունն ավելի մրցունակ և ժամանակակից դարձնելու համար:

- Ինչպես նշեցի, մրցունակության աճին նպաստող հիմնական գործոններն են մակրոկայունությունը, ենթակառուցվածքները, ինստիտուտները, աշխատանքի և ապրանքային շուկաները: Թիրախավորելով և լուծելով դրանցից յուրաքանչյուրում առաջացող խնդիրները՝ մրցունակության բարձրացման ուղղությամբ նշանակալի քայլեր կարող ենք կատարել:

Ապրանքային շուկայի պարագայում մրցունակության բարձրացման կարևոր միջոց կարող է լինել լոգիստիկ խնդիրների լուծումը կամ գոնե մեղմացումը, ապրանքների նկատմամբ ներկայացվող որակական պահանջների և ստանդարտների որոշ փոփոխությունները:

Մակրոկայունության տեսանկյունից իրականացվում են շարունակական քայլեր, որոնք ապահովել են բարձր արդյունավետություն: Ներկայում, սակայն, կան հաջորդ ժամանակահատվածում պարտքի մարման բավականին բարձր մակարդակի հետ կապված որոշ ռիսկեր: Այնուամենայնիվ, իրականացված բավականին արդյունավետ քաղաքականությունը հույս է ներշնչում, որ անգամ մարումների բարձր ցուցանիշի պարագայում մակրոկայունության իրապես դրական պատկեր կարող ենք ունենալ: 

Ինչ վերաբերում է աշխատանքի շուկայում առկա խնդիրներին, ապա կարծում եմ, որ շարունակական միջոցառումները կարող են նպաստել լարվածության որոշակի մեղմացմանը և հանգեցնել նաև այս առումով Հայաստանի տնտեսության մրցունակության աճին: 

Հայերեն Русский

Թրամփի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման հարցով

Երևանի քաղաքապետարանը վերջին ձերբակալություններում լուրջ խնդիրներ է տեսնում. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանը 2024-ին իրականացրել է 30 կմ ոռոգման ցանցի ներդրում

Որևէ խաղաղության համաձայնագիր երկրներին և ժողովուրդներին միանգամից բարեկամ չի դարձնում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում փախստականների վերադարձի մասին դրույթ չկա. Միրզոյան

Խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում որևէ դրույթ չկա «միջանցքի» մասին. ԱԳ նախարար

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա սահմանադրությունների մասին կարգավորում. Միրզոյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայում բռնությունը դատապարտող հայտարարությունը. Reuters

ՀՀ ԱԳ նախարարը չափազանց կարևոր հանգրվան է համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը