Քաղաքականություն

Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք: 

Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ եւ պոտենցիալ: 

Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձեւավորված: 

Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի: 

Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբեւէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության եւ ինքնիշխանության հիման վրա:

Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է եւ զարգացել: 

Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբեւէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում: 

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն: 

Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ եւ իմաստ են ձեռքբերել:

Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են եւ խորանում: 

Մերձավոր Արեւելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել»,- գրել է Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետականության հարատեւության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում