Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը որոշակի բացառություններով կշարունակվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը:
«Մինչև 2025 թվականի մարտ ամիսը ներառյալ շարունակվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջոցառումը՝ որոշակի բացառություններով: Մասնավորապես՝ հունվար ամսից 10 հազար դրամ աջակցության բաղադրիչը դուրս է եկել և միայն 50 հազար դրամ ստացողներն են ընդգրկվել վճարման ցուցակներում: Խոսքը մոտ 97 հազար շահառուի մասին է: Ապրիլ ամսից սկսած՝ աջակցությունն արդեն ուղղվելու է առանձին խմբերի՝ 63 տարեկանը լրացած, անչափահաս, պարտադիր կրթության ոլորտում դեռևս սովորող 18 տարեկանը լրացած, 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամ և կերակրողին կորցրածի կենսաթոշակ կամ նպաստ ստացող անձանց: Նրանք կշարունակեն ստանալ սոցիալական աջակցություն՝ ապրիլ-հունիս ամիսների համար՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով 40 հազար դրամ, իսկ հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30 հազար դրամ»,-մանրամասնեց Հարությունյանը՝ հավելելով, որ ապրիլի 1-ից շահառուների թիվը կանխատեսվում է մոտ 54 հազարի շրջանակում:
Նրա խոսքով՝ փոփոխությունները կատարվել են վերլուծությունների արդյունքում, որպեսզի աջակցությունից սկսեն օգտվել առանձին խմբի անձինք:
Ըստ այդմ՝ հաշվի են առնվել արդեն գործող բնակարանային ապահովման ծրագիրը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար, հասարակության մեջ նրանց ինտեգրվելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ շուրջ 25 հազար մարդ արդեն աշխատանք է գտել ՀՀ-ում:
Հարությունյանն ընդգծեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շահառուներն այդ աջակցությունից չեն զրկվելու բնակարան ձեռք բերելու պատճառով: