ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր սահմանները, և եթե միջազգային գործընկերները նրան օգնեն դա անելու հարցում, դա կլինի միջազգային իրավունքի ոգով։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման տեակետ է հայտնել Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատն՝ անդրադառնալով միջազգային տարբեր գործընկերներից զենք ձեռք բերելու համար Հայաստանի հասցեին Ադրբեջանից հնչող անհիմն մեղադրանքներին։
Մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արված հայտարարությունը, որի համաձայն՝ Երևանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, և սպառազինություն է ձեռք բերում բացառապես Հայաստանի սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության համար՝ շվեյցարացի պատգամավորը Փաշինյանի նման ձևակերպումը ճիշտ է համարել՝ ընդգծելով, որ այդ հարցում կա նաև միջազգային գործընկերների օգնության կարիքը։
«Իլհամ Ալիևի այս հայտարարությունները պետք է վերլուծել նաև Ադրբեջանի ներքաղաքական տեսանկյունից. Ալիևի մշտական նպատակը պետք է լինի Հայաստանը փոքր պահելը, որպեսզի իր ժողովրդին համոզի, որ իրենք (խմբ․ ադրբեջանցիները) գերազանցող դիրքում են իրենց առաջնորդի (խմբ․ նկատի ունի Իլհամ Ալիևին) շնորհիվ։ Այս առումով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ է. Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր սահմանները, և եթե միջազգային գործընկերները նրան օգնեն դա անել, ապա դա միջազգային իրավունքի ոգով կլինի։ Ի վերջո, ազգային սահմանները պետք է պաշտպանել միջազգային իրավունքի հիման վրա, այլ ոչ թե ամենաուժեղի ու ամենադաժանի օրենքով»,-ընդգծել է Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի հավանականության մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորը շեշտել է, որ առանց Արևմուտքի կողմից անվտանգության երաշխիքների, էսկալացիայի վտանգը, ցավոք, կպահպանվի։
«Առանց Արևմուտքի անվտանգության երաշխիքների, էսկալացիայի այս վտանգը, ցավոք, կպահպանվի, և ոչ միայն Ադրբեջանի պատճառով»,- ասաց նա՝ մատնանշելով ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները։
Ըստ նրա՝ Հայաստանը 2018 թվականի ընտրել է ազատությունը, ինչի առումով տարածաշրջանում նոր զարգացումներ են տեղի ունեցել:
«Դուք կարող եք տեսնել, թե ինչ է անում Վլադիմիր Պուտինը այն պետությունների հետ, որոնք հրաժարվում են իր կլեպտոկրատական (խմբ․ քչերի իշխանություն) համակարգից. նա հարձակվում է նրանց վրա հիբրիդային պատերազմով: Ահա թե ինչ է տեղի ունեցել Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում։ Եվ դա կշարունակի տեղի ունենալ Հայաստանում, թեկուզ Ադրբեջանի միջոցով, որի ավտոկրատական համակարգը նրան ավելի է մոտեցնում Մոսկվային»,-նշել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը: