Հայաստան-Ադրբեջան կարգավորում, Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ գործընկերության մակարդակի աննախադեպ աճ. «Արմենպրես»-ն ամփոփում է արտաքին քաղաքական տարին

27 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կյանքը բավական հագեցած էր ինչպես տարատեսակ դրական զարգացումներով, այնպես էլ լրջագույն մարտահրավերներով և հետաքրքիր իրադարձություններով, որոնք կրում էին ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային քաղաքական բնույթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ևս մեկ տարի, դրանցում գրանցված արդյունքներ, տարածաշրջանային քաղաքականություն, Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-Միացյալ Նահանգներ գործընկերության աննախադեպ բարելավում և այլ նշանակալի գործընթացներ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունն առանձնացրել և ընթերցողին է ներկայացնում արդեն պատմություն դարձող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կարևորագույն զարգացումներն ու գործընթացները:

«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագրի ստորագրում

Անցնող տարվա արտաքին քաղաքական կարևորագույն իրադարձությունները ներկայացնելիս՝ կարելի է սկսել, թերևս, տարածաշրջանային զարգացմամբ՝ մասնավորապես Հայաստան-Վրաստան հարաբերությունների՝ նոր մակարդակի բարձրացման գործընթացով: 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականի հունվարի 26-ին հարևան Վրաստան կատարած այցը նշանավորվեց երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագրի ստորագրմամբ, որը նոր շունչ հաղորդեց հարևան պետությունների՝ առանց այդ էլ բարձր մակարդակի հարաբերություններին:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների վեցերորդ հանդիպումը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024 թվականի հունվարի 31-ին տեղի ունեցավ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական վեցերորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հայաստանի Հանրապետության` Միջազգային քրեական դատարանին անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը

Անցնող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կյանքում խոշորագույն նշանակություն ունեցավ Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը, որով պաշտոնական Երևանը դարձավ Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող պետությունը։ Միջոցառման մեկնարկին տեղի ունեցավ Միջազգային քրեական դատարանում Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարի 2-ին աշխատանքային այցով մեկնեց Ղազախստանի Հանրապետություն՝ նախագահելու ալմաթիում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Բացի այդ, վարչապետը հանդիպումներ ունեցավ նաև այլ պաշտոնական հանդիպումներ։ 

Ընդհանրապես, խոսելով 2024 թվականի արտաքին քաղաքական իրադարձությունների և զարգացումների մասին՝ կարող ենք վստահաբար նշել, որ տարի առանձնահատուկ էր հատկապես հայ-ղազախական հարաբերությունների ակտիվացմամբ։

Մյունխենի անվտանգության համաժողով 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնեց Գերմանիա՝ Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ ունեցավ արտերկրի գործընկերների հետ, այդ թվում՝ «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և այլոց հետ։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացվեցին նաև ԱԳ նախարարների մակարդակով․ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում 2024թ. փետրվարի 28-29-ը կայացավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկեցին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները՝ պայմանավորվելով շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը Ֆրանսիա, հանդիպում նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Փարիզի պանթեոնում ներկա գտնվեցին Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը: Տեղի ունեցավ նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի միջև, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները հերթական անգամ արձանագրեցին, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում։

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում

Անցնող տարվա ընթացքում հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում․ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մարտի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկեցին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ վերահաստատելով հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը:

Տարվա սկիզբն ակտիվ և հարուստ էր նաև այլ իրադարձություններով․ խոսքն, առաջին, հերթին վերաբերում է ինչպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների օտարերկրյա այցերին, այնպես էլ տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ Հայաստան կատարած այցելություններին։ Ասվածի վառ օրինակներից են Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Եգիպտոս և հանդիպումը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ և այլն։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների յոթերորդ հանդիպումը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին մարտի 7-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի յոթերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ կողմերը քննարկեցին պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումն ու հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը։

Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ մարտի 21-ին կայացավ Ուրուգվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին կառավարությունում հյուրընկալեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր և մտքեր են փոխանակեցին տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ, որից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, կայացավ երկու երկրների վարչապետների առանձնազրույցը՝ քննարկելով Հայաստան-Վրաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Այնուհետև երկու երկրների ղեկավարներն այցելեցին Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք։

Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում

Տարվա խոշորագույն իրադարձություններից էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերի՝ 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն։ Հանդիպումն, ինչ խոսք, Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ուներ․ այն նոր թափ հաղորդեց կողմերի միջև հարաբերություններին։

Հայաստան-Ղազախստան հարաբերությունների ակտիվացման մեկ այլ ապացույց էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը Հայաստան, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ստորագրվեցին տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթեր։

Անցնող տարվա ապրիլ ամիսն ակտիվ էր հատկապես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղ գտած զարգացումներով՝ մասնավորապես միջպետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ ձեռքբերված համաձայնության ստորագրմամբ։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024 թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպման արդյունքում հանձնաժողովները պայմանավորվեցին մեկնարկել Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի որոշ հատվածների սահմանազատումը՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։

ՀՀ ԱԳ նախարարի այցը Հունգարիա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին պաշտոնական այց կատարեց Հունգարիա, որի ընթացքում հանդիպում ունեցավ վերջինիս ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ, կողմերի միջև ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, բանակցություններ ընցացան ռեզիդենտ դեսպանությունների բացման շուրջ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ղազախստանի Ալմաթի քաղաքում

Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2024 թվականի մայիսի 10-11-ին անցկացված բանակցություններում կողմերը ողջունեցին սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ պայմանավորվելով շարունակել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների իններորդ հանդիպում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի մայիսի 15-ի իններորդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվեց Արձանագրություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 8-ին աշխատանքային այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն՝ նախագահելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի շրջանակներում տեղի ունեցավ նաև հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նիկոլ Փաշինյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: Այնուհետև հանդիպում ունեցավ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի, ինչպես նաև Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ։

Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Պաղեստինի Պետության ճանաչման մասին 2024 թվականի հունիսի 21-ին հայտարարություն տարածեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Երևանը վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին և ճանաչում է Պաղեստինի Պետությունը: Հայաստանի կողմից ճանաչման մասին հայտարարությանը հետևեցին մի շարք մահմեդական երկրների ողջույնի հայտարարություններ։

Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Վաշինգտոնում հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի ընթացքում կողմերը նշել են խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ երկու երկրների կողմից գրանցված առաջընթացը՝ համաձայնելով շարունակել աշխատանքները։

ՀՀ վարչապետի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին, որի շրջանակում երկկողմ հանդիպումներ ունենավ այլ երկրների գործընկերների հետ: Միջոցառման շրջանակներում սպասվում էր հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ ալիևի միջև, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվեց հանդիպումից՝ միաժամանակ, սակայն, հանդիպումից հրաժարվելու հարցում մեղադրելով հայկական կողմին։

Վարչապետի աշխատանքային այցը Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հուլիսի 30-ին աշխատանքային այցով ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ ներկա գտնվելու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը, որի ընթացքում հանդիպումներ ունեցավ հենց Փեզեշքիանի և Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպումը 

Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հուլիսի 30-ին անցկացրին հինգերորդ հանդիպումը՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում և վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը

Անցնող տարին նշանավորվեց նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկով։ Հայաստան այցելեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ ունեցավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար արարատ Միրզոյանի հետ։ Սա ևս մեկ ապացույցն էր այն փաստի, որ 2024 թվականն առանձնանում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր մակարդակի բարձրացմամբ։

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացումը Երևանում

Երևանում սեպտեմբերի 10-ին մեկնարկեց «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որը մի քանի օր շարունակ հյուրընկալեց բազմաթիվ երկրների ամենատարբեր պաշտոնյաների և հայտնի հասարակական գործիչների։

Նիկոլ Փաշինյանի հերթական այցը Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ այցելեց Վրաստան, որի ընթացքում հանդիպում ունեցավ վարչապետ Իրակլի ոբախիձեի հետ։ Պաշտոնական այցը ևս մեկ անգամ ընդգծեց երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը բոլոր ոլորտներում:

ՀՀ վարչապետի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին Նյու Յորքում ներկա գտնվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը, որին հաջորդեցին մի շարք երկրների ղեկավարների հետ հանդիպումներ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը Երևանում

Երևանում հոկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Նյու Յորքում

Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հերթական հանդիպումը, որտեղ կողմերը համաձայնեցին ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

ՀՀ վարչապետի այցը Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին՝ մասնակցելով ընդլայնված կազմերով հանդիպմանը, որին հաջորդեց նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը

Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցեց «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Միջոցառման շրջանակներում կայացած քննարկումների արդյունքներով հրապարակվեց համատեղ կոմյունիկե, որը վերաբերում էր տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակներին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասներորդ հանդիպումը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը, որի ընթացքում, վերոնշյալ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, Կողմերը փոխանակվեցին իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով: Կողմերը արձանագրեցին, որ նշված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին:

Վարչապետն աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ Կազանում մասնակցելու «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին: Գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև կարճատև զրույց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ ալիևի միջև, որին հաջորդեց կողմերի միջև առանձին հանդիպումը՝ քննարկելու երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովը 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Բուդապեշտում ացկացված Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որի ընթացքում վարչապետը հանդիպումներ ունեցավ ինչպես Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, այնպես էլ մի շարք այլ երկրների ղեկավարների հետ։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցը Դոնալդ Թրամփի հետ

Վարչապետ Փաշինյանը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորեց ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա գտնվեց Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը

Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և այլ պաշտոնատար անձինք։

Նիկոլ Փաշինյանի հերթական այցը Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ նախագահելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Անցնող տարվա վերջին նշանակալի իրադարձությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն էր, որը տեսակապի միջոցով նախագահեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։

Սրանք, թերևս, անցնող տարվա կարևորագույն արտաքին քաղաքական իրադարձություններն էին, որոնք կարելի է առանձնացնել՝ միաժամանակ արձանագրելով, որ տարվա ընթացքում եղել են նաև բազմաթիվ այլ իրադարձություններ, որոնք իրենց հետքն են թողել Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ։

Ամփոփեց Դավիթ Մամյանը

 

 

 

 

 

 

 

Հայերեն