ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 339.8 մլն դոլար, իրական հատվածում գրանցվել է 86․5 մլն դոլարի արտահոսք, իսկ ֆինանսական հատվածում՝ 426․3 մլն դոլարի ներդրում։ Այսինքն, տնտեսության իրական հատվածից դուրս բերած միջոցները եղել են ավելի շատ, քան այլ երկրներից ներհոսքերը։ 102 մլն դոլարով նվազել են ուղղակի ներդրումների զուտ պարտավորությունները։ Սա կարող է վկայել տնտեսական կամ քաղաքական ռիսկերի մասին, որոնք ազդում են օտարերկրյա ներդրողների որոշումներին։
Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՊՏՀ-ի «Ամբերդ» կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանի հետ։
- Ինչպիսի՞ն է Հայաստանում ներդրումային միջավայրը, որքանո՞վ է այն գրավիչ պոտենցիալ ներդրողների համար։
- Այն բազմաբնույթ ու բազմաշերտ է․ առկա են երկրի ներդրումային գրավչությանը նպաստող և խանգարող տարբեր գործոններ: Պոտենցիալ ներդրողների համար գրավիչ են հարկային արտոնությունները, միջազգային և տարածաշրջանային կառույցների հետ համագործակցությունը, բարձր որակավորում ունեցող աշխատուժը, տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման և զարգացվածության աստիճանը և այլն:
Այս առումով Հայաստանն առաջարկում է մի շարք հարկային արտոնություններ, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Արտահանվող ապրանքների նկատմամբ չեն կիրառվում արտահանման մաքսատուրքեր։ Արտասահմանյան ընկերությունների համար ներդրումային գրավիչ պայմաններ են ստեղծված ազատ տնտեսական գոտիներում (ԱՏԳ): Հայաստանում կա երեք ԱՏԳ՝ «Մեղրի», «Էկոս» և «Ալյանս», որոնցում գործող ընկերություններն ազատվում են շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսային վճարներից, առևտրի համար թույլատրված է ազատ փոխարկելի ցանկացած արժույթի օգտագործում, արտասահմանյան ներդրողներին ընձեռվում է 100 տոկոսի սեփականության հնարավորություն, կիրառվում են մի շարք այլ արտոնություններ։ Բացի այդ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն է տալիս առանց մաքսային խոչընդոտների անարգել մուտք գործել ավելի մեծ շուկաներ, իսկ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) նպաստում է ներդրումային կապերի զարգացմանը։
Այնուհանդերձ, քիչ չեն նաև ներդրումային միջավայրին բացասաբար անդրադարձող հանգամանքները, որոնք չեզոքացնում են երկրի ներդրումային գրավչությունը: Այդպիսիք են, մասնավորապես, քաղաքական և տարածաշրջանային անկայունությունը (դրա պայմաններում ներդրողները ապահովագրված չեն հնարավոր կորուստներից), Հայաստանի ներքին շուկայի փոքր լինելը (որոշ ոլորտներում դա կարող է սահմանափակել ներդրողների շահույթը) և տրանսպորտային սահմանափակ հնարավորությունները (Հայաստանի աշխարհագրական դիրքը և դեպի ծով ելքի բացակայությունը մեծացնում են լոգիստիկ ծախսերը)։
Հայաստանը կարող է գրավիչ լինել այն ներդրողների համար, որոնք հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաներով, արտահանմամբ և ԵԱՏՄ-ի շուկաներում գործունեության ծավալմամբ։ Սակայն, ներդրողները պետք է պատրաստ լինեն գործելու տարածաշրջանային ռիսկերի և ներքին կառավարման որոշակի մարտահրավերների պայմաններում։
- 2024 թվականին ի՞նչ ծավալի ներդրումներ են կատարվել ՀՀ տնտեսությունում (ընդհանուր, ներքին, օտարերկրյա), դրանց ո՞ր մասն է ուղղակի։
- Այս տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների վերաբերյալ ամբողջական տվյալները դեռևս հասանելի չեն: Առկա են միայն առաջին կիսամյակի վերաբերյալ որոշ տվյալներ։ Հայաստանի Հանրապետության միջազգային զուտ ներդրումային դիրքը (ԶՆԴ) արտացոլում է երկրի ակտիվների և պարտավորությունների տարբերությունը արտաքին աշխարհի նկատմամբ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի ԶՆԴ-ն կազմել է մինուս 11 մլրդ 845.06 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է, որ երկրի արտաքին պարտավորությունները գերազանցում են արտաքին ակտիվներին։
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակումների՝ 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է ուղղակի ներդրումների զուտ պարտավորությունների նվազում (102 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 332.7 մլն դոլարի փոխարեն)։ Դա նշանակում է, որ նոր ներդրումների ներհոսքը դանդաղում է։ Սա կարող է վկայել տնտեսական կամ քաղաքական ռիսկերի մասին, որոնք նվազեցնում են օտարերկրյա ներդրողների հետաքրքրվածությունը։ Բացի այդ, 2024-ի հունվար-հունիսին ուղղակի ներդրումների զուտ ակտիվների 10.1 մլն դոլարով նվազումը (նախորդ տարվա 26 մլն դոլար աճի պարագայում) կարող է վկայել այն մասին, որ հայկական ընկերություններն ավելի քիչ ներդրում են կատարում այլ երկրներում։
Միաժամանակ, կան նաև դրական միտումներ: Այսպես, վերաներդրած եկամուտների (410.2 մլն դոլար) բարձր մասնաբաժինը վկայում է, որ արդեն գործող ընկերությունները շահութաբեր են, և վերաներդրում են իրենց եկամուտները Հայաստանում։ Սա նշանակում է, որ որոշ ներդրողներ վստահում են Հայաստանի տնտեսական ներուժին և տեսնում են երկարաժամկետ շահավետություն։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին օտարերկրյա ընդամենը ներդրումների զուտ հոսքերը կազմել են 339.8 մլն դոլար, իրական հատվածում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ծառայություններ և այլն) ունեցել ենք 86․5 մլն դոլարի արտահոսք, իսկ ֆինանսական հատվածում՝ 426․3 մլն դոլարի ներդրում։ Սա նշանակում է, որ իրական հատվածից դուրս բերած ներդրումներն ավելի շատ են, քան այլ երկրներից ներհոսքերը։
- Ինչպիսի՞ն է վերջին 4 տարիներին Հայաստանում ներդրումների ծավալների դինամիկան։
- 2020-2024 թվականներին Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալները փոփոխվել են մի շարք ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ: Չորս տարի առաջ օտարերկրյա ներդրումների հոսքերի կրճատմանը (հատկապես իրական հատվածում) մեծապես նպաստել էին COVID-19 համավարակը և Արցախյան պատերազմը։ 2021 թվականին տնտեսությունը սկսել էր վերականգնվել, սակայն տարածաշրջանային անորոշությունը շարունակում էր սահմանափակել խոշոր ներդրումները: 2022 թվականին որոշ ազդեցություն ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմը, բայց ՏՏ ոլորտում արձանագրվեց որոշակի աճ: 2023-ին Հայաստանի տնտեսական աճը բարձր էր, ինչը նպաստեց ներդրումային հոսքերի որոշակի աճին, հատկապես՝ ֆինանսական հատվածում։ Սակայն անվտանգության ռիսկերը շարունակում էին խոչընդոտել մեծ ներդրումների իրականացմանը: 2024-ի առաջին կեսին ընդհանուր օտարերկրյա ներդրումների հոսքերը, ինչպես նշեցի, կազմել են 339.8 մլն դոլար, սակայն իրական հատվածում նկատվել է նվազում, իսկ ֆինանսական հատվածում՝ աճ: Ապագայում ներդրումների դինամիկան կախված կլինի տարածաշրջանային լարվածության մեղմացումից, ենթակառուցվածքների բարելավման ընթացքից և ՏՏ ոլորտում շարունակվող զարգացումից:
- Ինչպե՞ս են ներդրումներն անդրադարձել Հայաստանի տնտեսության զարգացման վրա։
- Ներդրումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության զարգացման վրա կարող է գնահատվել մի շարք տեսանկյուններից՝ տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում, տեխնոլոգիաների փոխանցում, արտահանման աճ և այլն։ Հայաստանի տնտեսության վրա ներդրումներն ունեցել են հիմնականում դրական ազդեցություն՝ նպաստելով արտադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և արտահանման աճին։ Սակայն, զարգացման դինամիկան կարող էր ավելի կայուն և հավասարակշռված լինել, եթե ներդրումները բաշխվեին ավելի լայն տարածքի և ոլորտների միջև։
Օտարերկրյա ներդրումների մեծ մասը սահմանափակ թվով երկրներից է, ինչի արդյունքում առաջանում է արտաքին շուկաների տատանումներից Հայաստանի տնտեսության կախվածություն։ Ներդրումները թեպետ հանգեցրել են աշխատատեղերի ստեղծմանը, բայց հաճախ կենտրոնացած են եղել ավելի ցածր վարձատրվող կամ ոչ այնքան կայուն ոլորտներում։
- Ներկայում ի՞նչ գործոններ են ազդում ՀՀ ներդրումային միջավայրի վրա։
- Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի վրա ազդող գործոնները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ ներքին և արտաքին։ Դրանք կարող են նպաստել կամ խոչընդոտել ներդրումների ներհոսքին։ Ներդրումային միջավայրի վրա ազդող ներքին գործոններից են քաղաքական կայունությունը, իրավաօրենսդրական կարգավորումները, տնտեսական միջավայրը, ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, արտոնություններն ու պետական աջակցության դրսևորումները: Արտաքին գործոնները (տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակը, հումքի և ապրանքների միջազգային շուկաներում առկա վիճակն ու գների տատումները, միջազգային համագործակցությունը և այլն) առավել խնդրահարույց են, քանի որ Հայաստանը մեծամասամբ ազդեցություն չունի դրանց վրա։
- Տարածաշրջանում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, Իրանում և Վրաստանում լարված իրավիճակն ազդեցություն ունենո՞ւմ է Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալի վրա։ Այս պահին հնարավո՞ր է կանխատեսել, թե այդ առումով ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ 2025 թվականին։
- Այդ ամենն անխուսափելիորեն ազդում է Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալի վրա։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական վայրիվերումները՝ 2025-ին ևս Հայաստանում հնարավոր է ներդրումների ծավալի որոշակի անկում: